All Nippon Airways (ANA) եւ Japan Airlines (JAL) ճապոնական խոշորագույն ավիաընկերությունները չեղարկել են դրես-կոդի կանոնները, որոնք պարտադրում են բորտ-ուղեկցորդուհիներին կրել բարձրակրունկ կոշիկներ, գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The Mainichi թերթին։

«Մենք որոշում ենք կայացրել մեր աշխատակցուհիների համար հարմար աշխատանքային միջավայր ստեղծելու օգտին»,-պարբերականը մեջբերում է ANA-ի հայտարարությունը։

Նշվում է, որ չեղարկված պահանջը սահմանում էր կրունկի բարձրությունը երեքից հինգ սանտիմետրի չափով։

Այժմ ճապոնական ավիափոխադրողները միայն կխրախուսեն իրենց բորտ-ուղեկցորդուհիներին կրել բարձրակրունկ կոշիկներ, որոնց մոդելը նրանք կարող են ընտրել ինքնուրույն։ Ընդ որում՝ սպորտային կոշիկները, կեդերը եւ սանդալները կշարունակեն մնալ արգելված։

The Mainichi-ի տվյալներով՝ ավիաընկերությունների քաղաքականության փոփոխությունը կապված է #KuToo հասարակական շարժման հետ, որի մասնակիցները պայքարում են աշխատավայրում կանանց ներկայացվող՝ բարձրակրունքներ կրելու պահանջի դեմ։ #KuToo անվանումն ակնարկում է ճապոնական բառեր, որոնք թարգմանաբար նշանակում են կոշիկ («կուցու») եւ հոգեվարք («կուցուու»), ինչպես նաեւ հիշեցնում է #MeToo միջազգային շարժումն ընդդեմ սեռական բռնության։ Change.org կայքում համապատասխան ստորագրահավաքին մասնակցել է ավելի քան 30 հազար մարդ։

Ճապոնիան շարունակում է չափազանց պահպանողական երկիր լինել աշխատանքի պայմանների հարցում։ Տեղական ընկերությունների մեծամասնությունը պահանջում է իր աշխատակիցներին ներկայանալ աշխատանքի միայն խիստ գործնական կոստյումով եւ դիմել միմյանց բացառապես ազգանուններով։ Ներքին կանոնները սահմանում են ոչ միայն աշխատակիցների մազերի, այլ նաեւ եղունգների երկարությունը, իսկ աշխատանքային օրը կարող է տեւել մինչեւ ուշ գիշեր։