Սաուդյան Արաբիայի Գերագույն դատական ​​խորհուրդը պաշտոնապես վերացրել է մարմնական պատիժը մի շարք հանցագործությունների համար, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Al Arabiya հեռուստաալիքը:

Ինչպես նշվում է գերատեսչության տարածած հայտարարության մեջ, «մտրակներով պատիժը փոխարինվելու է ազատազրկմամբ կամ տուգանքով, կամ՝ երկուսով միասին»: Նախարարությունում նշել են, որ դատարանն ինքնուրույն որոշում կկայացնի յուրաքանչյուր նման դեպքի հետ կապված եւ կբարձրաձայնի այն:

Ընդ որում, ընդգծվում է, որ խոսքը միայն շարիաթի «թազիր» դասի հանցագործությունների մասին է՝ իրավախախտումներ, որոնք կապված են կրոնի, հասարակական կարգի, բարոյականության եւ անհատի շահերի նկատմամբ ոտնձգությունների հետ, ինչի համար պատասխանատվությունը հստակորեն նշված չէ Ղուրանում կամ հադիսներում: Այս դասում պատժի ձեւերից մեկը, գլխաշոր կրելու եւ գլխի ու մորուքի բռնի սափրման արգելքի հետ միասին, մտրակի հարվածներն էին: Սակայն հանցագործությունները, որոնց պատժելիությունը սահմանվում է մուսուլմանների սուրբ գրություններում, կշարունակեն պատժվել ամենախիստ ձեւով ըստ Ղուրանի, այդ թվում՝ վերջույթները կտրելով, քարկոծելով (սովորաբար՝ շնության համար), մտրակների հարվածներով եւ մահապատժով:

Բարձրագույն դատական ​​խորհրդի՝ նման որոշում կայացնելու մտադրության մասին առաջին անգամ հայտարարվել էր ապրիլի վերջին: Մի քանի շաբաթ առաջ թագավորությունում անցկացվող բարեփոխումների շրջանակներում վերացվել է մահապատիժը 18 տարեկանից ցածր հանցագործների համար: