Լուսակերտի թռչնաֆաբրիկայի սեփականատերերը ներկայումս բանակցություններ են վարում «Դվին» կոնցեռնի մաս կազմող «Գետամեջ» ընկերության հետ։
Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Մաքս կոնցեռնի» (որի կազմի մեջ է մտնում Լուսակերտի թռչնաֆաբրիկան) սեփականատեր Խաչիկ Մանուկյանը, գործարքը կկնքվի մեկ ամսից։ Նա հրաժարվեց գործարքի մանրամասներ ներկայացնել՝ նշելով միայն, որ Լուսակերտի թռչնաֆաբրիկայի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը կմնա «Մաքս կոնցեռնի» ձեռքում։
Խաչիկ Մանուկյանը նաեւ հավաստիացրեց, որ բաժնետոմսերի մի մասը վաճառելու որոշումը պայմանավորված չէ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի՝ Լուսակերտի թռչնաֆաբրիկայի դեմ ներկայացրած հայցով։ «Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ոչ մի որոշում չի կարող ազդել մեր քայլերի վրա։ Բաժնետոմսերի վաճառքի որոշումը կայացվել է տնտեսական նպատակահարմարության պատճառով»։
Նշենք, որ «անբարեխիղճ մրցակցության» համար Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով 100 մլն դրամի հայց էր ներկայացրել Լուսակերտի թռչնաֆաբրիկայի դեմ։ Լուսակերտի թռչնաֆաբրիկան, սակայն, մտադիր է դատական կարգով բողոքարկել այս որոշումը։ Ի դեպ, թռչնաֆաբրիկայի սեփականատերերը մեկ անգամ էլ փորձել էին այն վաճառել ձեռնարկատեր Խաչիկ Խաչիկյանին պատկանող «X-Գրուպ» ընկերությանը։ Սակայն վերջին պահին գործարքը չեղյալ էր հայտարարվել։




























