Հայաստանը մտադիր է ավելացնել Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող ստորաբաժանման կազմը: Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքով, Ստորաբաժանումը 45-ից հասցվելու է առավելագույնը 130-ի, իսկ հերթափոխների ժամանակ` առավելագույնը մինչեւ 260-ի:
Պաշտպանության նախարարը մայիսի 6-ին արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովին է ներկայացրել «Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության հետ կապված Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հետ իրավական հարցերի կարգավորման վերաբերյալ» համաձայնագրի գործողության ժամկետի երկարաձգման եւ հայկական զորախմբի թվակազմի ավելացման վերաբերյալ» համաձայնագիրը:
Առաջարկվել է նաեւ Աֆղանստանի վերականգնման գործում Միջազգային անվտանգության ապահովման ուժերի կազմում հայկական զորակազմի առաքելության ժամկետը երկարաձգել մինչեւ 2012թ. դեկտեմբերի 31-ը:
ԱԺ համապատասխան հանձնաժողովը հավանություն է տվել օրինագծին եւ ընդգրկել առաջիկա քառօրյայի օրակարգում:
Նշենք, որ հայ խաղաղարարները Գերմանական ստորաբաժանման ակզմում իրականացնում են Աֆղանստանի Քունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգությունը:





























