Մայիսի 7-ը նշվում է որպես Ռադիոյի օր։
Այս տոնի հիմքում ընկած իրադարձությունը կապված է ռուս աշխարհահռչակ ֆիզիկոս եւ գյուտարար Ալեքսանդր Պոպովի (1859-1905) հայտնագործության հետ։
1895 թվականի մայիսի 7-ին Սանկտ Պետերբուրգի համալսարանում Ռուսական ֆիզիկա-քիմիական գիտական ընկերության պատմական նիստում Պոպովը ներկայացրել է իր կողմից ստեղծված, աշխարհում առաջին անլար ընդունիչ-հաղորդիչ ռադիոհամակարգը։ Ռուսաստանում այս փաստն ընդունվել է որպես ռադիոկապի ստեղծման սկիզբ։
Առաջին անգամ տոնը մեծ շուքով նշվել է 1925 թվականի մայիսին։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա 1926 թվականի հունիսի 13-ին «Սովետական Հայաստան» թերթն իր ընթերցողներին տեղեկացրել է, որ սկսվել է երկար հաճախության ալիքների ռադիոկայանի շինարարությունը։ Օգոստոսի 27-ին թերթը հայտարարել է շինարարության ավարտի մասին։ 1926 թվականի սեպտեմբերի 1-ին եթերում հնչել է Երեւանի Ձայնը։
Այսօր՝ մայիսի 7-ին, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Հայաստանի Հանրային ռադիո եւ եթեր դուրս գալու 85-ամյակի կապակցությամբ ուղիղ եթերում շնորհավորել ռադիոյի աշխատակիցներին։





























