Բրիտանացի հայտնի երաժիշտ, The Beatles խմբի անդամ Փոլ Մակքարթնին մտադիր է երրորդ անգամ ամուսնանալ, հաղորդում է  ВВС-ին` վկայակոչելով երգչի գործակալ Սթյուարթ Բելլին:

68-ամյա Մակքարթնիի ընտրյալը նյույորքցի 51-ամյա ձեռնարկատիրուհի Նենսի Շեվելն է: Հարսանիքի վերաբերյալ մանրամասներ առայժմ հայտնի չեն:

Մակքարթնին ամուսնացած եղել է երկու անգամ: Նրա առաջին կինը` Լինդան մահացել է քաղցկեղից 1998թ-ին: Երկրորդ կնոջ` նախկին մոդել  Հիզեր Միլսի հետ վեցամյա ամուսնական կյանքից հետո երգիչը բաժանվել էր  2008թ-ին` սկանդալային պատմություններով:

Հաղորդվում է, որ Շեվելը նույնպես ամուսնական կյանքի փորձ ունի: Նա ամուսնացած է եղել ամերիկացի հայտնի իրավաբան եւ քաղաքական գործիչ Բրյուս Բլեյքմենի հետ: Շեվելը Նյու Յորքի տրանսպորտային վարչության տնօրենների խորհրդի անդամ է, ինչպես նաեւ իր ընտանիքին պատկանող ընկերության փոխնախագահը: