Լիբանանի իշխանությունները, բողոքի ցույցերի հետ կապված, խստացրել են իրենց տոնը՝ երկրում խորացող տնտեսական ճգնաժամի հետեւանքով մի քանի օրվա թեժ ցույցերից հետո սպառնալով «վանդալիզմի» համար ձերբակալություններով։

Հարյուրավոր ցուցարարներ հանգստյան օրերին բախման մեջ են մտել անվտանգության ուժերի հետ ամբողջ երկրով մեկ, որտեղ արժույթը փլուզվել է 1975-90թթ․ քաղաքացիական պատերազմից հետո վատթարագույն ֆինանսական ճգնաժամի պայմաններում։

Կիրակի երեկոյան ցուցարարները խաղաղ հանրահավաք են անցկացրել մայրաքաղաք Բեյրությում, նույն ժամանակ տասնյակ մարդիկ էլ դուրս են եկել Տրիպոլիի կենտրոնական հրապարակ, հայտնում է AFP-ը։

Դա տեղի է ունեցել անկարգությունների երեք գիշերից հետո, որոնց ընթացքում ցուցարարները, աճող գներից եւ լիբանանյան ֆունտի գլխապտույտ արժեզրկումը հաղթահարելու կառավարության անկարողությունից վրդովված, փակել են ավտոմայրուղիները եւ բախվել անվտանգության ուժերի հետ մայրաքաղաքում ու երկրի հյուսիսում:

Տրիպոլիում երիտասարդները հարձակվել են բանկերի եւ խանութների վրա ու քարեր են նետել իրավապահների ուղղությամբ, ովքեր ի պատասխան արցունքաբեր գազ եւ ռետինե փամփուշտներ են կիրառել: Բժշկական ծառայությունները հայտնում են տասնյակ զոհերի մասին:

Նախագահ Միշել Աունը երկուշաբթի կեսօրին երկրի անվտանգության բարձրագույն մարմնի, այդ թվում՝ նախարարների եւ ռազմական պաշտոնյաների հետ քննարկել է բողոքի ցույցերը: «Այսօրվանից մենք այլեւս թույլ չենք տա վանդալիզմի նման գործողություններ»,- Պաշտպանության գերագույն խորհրդի նիստից հետո ասել է նա:

Նա իշխանություններին հրամայել է ուժեղացնել կանխարգելիչ գործողությունները` նման բռնությունների կրկնությունը կանխելու համար:

Հանդիպումից առաջ հրապարակած առանձին հայտարարության մեջ վարչապետ Հասան Դիաբը դատապարտել է «Բեյրութում եւ Տրիպոլիում ավազակախմբերի կողմից իրականացված սաբոտաժը»: «Գլխակերները ոչ մի այլ շարժառիթ չունեն, քան վանդալիզմը, եւ նրանց պետք է նետել բանտեր, ու վե՛րջ»,- ասվում է նրա հայտարարության մեջ:

Պաշտոնական ազգային լրատվական գործակալությունը ավելի ուշ հաղորդել է, որ լիբանանյան բանակը մի շարք խուզարկումներ է սկսել Տրիպոլիում՝ վանդալիզմ ու բռնություն իրականացրած անձանց ձերբակալելու համար:

Հինգշաբթի օրը լիբանանյան ֆունտը ընկել է՝ առաջին անգամ հասնելով նոր նվազագույնի՝ մեկ դոլարի համար 5000 ֆունտի: