COVID-19 համավարակով պայմանավորված արտակարգ դրություն հայտարարելուց հետո բուժհաստատություններում խիստ նվազեցին պլանային վիրահատություններն ու որոշ ծառայությունների մատուցումը: Մասնավորապես Շիրակի մարզի բուժհիմնարկները, որոնք մատուցում էին նմանատիպ ծառայություններ, կանգնեցին բավականին բարդ իրավիճակի առաջ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Արմեն Իսահակյանը.
«Բուժկենտրոնում վճարովի ծառայությունների նվազման հետևանքով ԲԿ-ի եկամուտները պակասել են մոտ 80%-ով, պետպատվերի շրջանակում պլանային հիվանդների բուժման մասով՝ 50%-ով: Չնայած առողջապահության նախարարությունը մեզ պլանային աշխատանքների համար պետպատվերի գումարը 80%-ի չափով ամեն ամիս տրամադրել է, ունեինք կատարած որոշ աշխատանքներ, դրանք նույնպես ներկայացրել և ֆինանսավորվել ենք, մենք վնասներ ենք կրել։ Երեք ամսում տուժել ենք ամսական 40-45 միլիոն դրամի չափով, դա միայն վճարովի ծառայությունների նվազման հետևանքով, չհաշված պլանային պետպատվերը, որը չենք կատարել: Դրա հետեւանքով՝ խնդիր առաջացավ աշխատավարձի, հարկերի և տուրքերի վճարման հետ կապված:Ուստի օգտվեցինք 12 % տոկոսադրույքով կարճատև վարկային հնարավորությունից, որի 6%-ը բանկին փոխհատուցում է կառավարությունը, 6%-ը ԲԿ-ն: Մեզ այժմ թույլատրել են վերսկսել պլանային վիրահատությունները»:
Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի Ժ/Պ Լեյլի Ասլանյանն էլ ասել է, որ առողջապահության նախարարությունը բուժհաստատություններում մոնիտորիգ է իրականացրել, որի արդյունքներով ու բացահայտված թերությունների մասով հաստատություններին տրվել են ցուցումներ: Թերությունների վերացումից հետո հիվանդանոնցները կվերսկսեն պլանային աշխատանքները, որոնք միայն վիրահատություններով չեն սահմանափակվում, կան այլ ծառայություններ, որոնք եւս կասեցվել էին:
Արմեն Իսահակյանն ասել է, որ իրենց բուժկենտրոնում ստեղծվել է միջանկյալ բաժանմունք, պլանային վիրահատությունների վերսկսման դեպքում դրանք լիարժեք ու ամբողջ ծավալով իրականացնելու համար, սակայն առայժմ չի ծառայում իր բուն նպատակին COVID-19 կասկածով հիվանդների թվի աճով պայմանավորված: Տեղում կատարվում է նմուշառում և ցուցաբերվում է առաջին բուժօգնություն մինչև կստացվի թեստի պատասխանը: Նմուշառումից հետո, եթե պարզվում է, որ դրական է, ուղարկում են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց կամ Երևան, ելնելով հիվանդի վիճակի բարդության ատիճանից ․
«Առողջական լուրջ խնդիրներ ունեցողների մայրաքաղաք տեղափումը խնդիր է, քանի որ Երեւանում մասնագիտացված հիվանդանոցներն աշխատում են գերծանրաբեռնված, դրա համար խնդրել ենք Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի միջնորդությունը ԲԿ-ին կից ավելի մեծ հնարավորություններով մոդուլային կենտրոն ստեղծելու համար, որով հնարավոր կլինի այդ հիվանդներին արագ օգնելու, օգտագործելով նաև մեր թերծանրաբեռնված սարքավորումների հնարավորությունները: Ցանկալի կլինի նաև մարզում կահավորել փոքր հիվանդանոց COVID-19-ով վերապրոֆիլավորված: Այդ առաջարկությունները մշակվել և ներկայացվել են Շիրակի մարզպետարան, որտեղ այժմ դրանք քննարկվում են»:





























