Եթե հարգելի առողջապահության  նախարարը սկզբունքային գործիչ լիներ, ապա պետք է կոչ աներ Գագիկ Ծառուկյանին չվստահել Հայաստանի կոռումպացված դատական համակարգին և չկատարել դատարանի որոշումները, ինչպես ինքը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում «Սկզբունքային նախարարը» վերնագրով գրառման մեջ նշել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Քիչ առաջ կարդացի ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գրառումը․«Վստահ եմ, որ ԱԱԾ-ն և մյուս իրավապահ մարմինները մինչև վերջ կքանդեն այս կծիկը և բոլոր, անխտիր բոլոր մեղավորները կստանան օրենքով սահմանված իրենց պատիժը»:

Մի կողմ թողնենք, որ Հայաստանում մոլեգնող համաճարակի և դրա հետևանքով հարյուրավոր մահերի հիմնական պատասխանատուն, փոխանակ խիղճ ունենար և հրաժարական տար, կամ գոնե փորձեր շտկել համաճարակային իրավիճակը, ժամանակ է գտնում մասնակցել Սիրելի Առաջնորդի հայտարարած ներքաղաքական պատերազմին և իրեն իրավունք է վերապահում, որպես գործադիր պաշտոնյա պատիժ պահանջել, խախտելով անմեղության կանխավարկածը»,  գրել է իրավապաշտպանը։

Ըստ Ավետիք Իշխանյանի՝ «եթե հարգելի նախարարը լիներ սկզբունքային գործիչ, ապա պետք է կոչ աներ Գագիկ Ծառուկյանին․

-Պարո՛ն Ծառուկյան, մի՛ վստահեք Հայաստանի կոռումպացված դատական համակարգին և մի՛ կատարեք դատարանի որոշումները, ինչպես ես»։