ԵՄ դիվանագիտության ղեկավարը Եվրոպային եւ ԱՄՆ-ին կոչ է արել սկսել բանակցություններ՝ ուղղված Չինաստանի դեմ ընդհանուր տրանսատլանտյան ճակատի ձեւավորմանը: Ջոզեպ Բորելը հայտարարել է, որ երկու կողմերն էլ պետք է կատարեն ընդհանուր գործ, որպեսզի «պաշտպանեն մեր արժեքներն ու շահերը»: Այս մասին նա հայտարարել է ԵՄ 27 արտգործնախարարների եւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի մասնակցությամբ տեսակոնֆերանսի ընթացքում:

Բորելը լրագրողներին հայտարարել է, որ առաջարկել է սկսել «երկկողմ հստակ երկխոսություն»՝ կողմնորոշված դեպի Չինաստանը եւ այն մարտահրավերները, որ նա իր «գործողություններով ու հավակնություններով» դնում է ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի առջեւ: «Մեզ համար կարեւոր է մնալ Միացյալ Նահանգների հետ, որպեսզի խնդիրները քննարկենք եւ ընդհանուր լեզու գտնենք՝ մեր արժեքներն ու շահերը պաշտպանելու համար»,- ասել է նա։