Իռլանդիան միանգամից երեք վարչապետ է ստացել՝ ընտրություններից ավելի քան չորս ամիս անց երեք կուսակցությունների կողմից ձեռք բերված համաձայնագրի արդյունքներով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Վարչապետի պաշտոնում միմյանց կփոխարինեն «Ֆիաննա Ֆայլ» լիբերալ-հանրապետական կուսակցության առաջնորդ Միխոլ Մարտինը, ներկայիս վարչապետ եւ մինչ ընտրությունները իշխող «Ֆինե Գել» կուսակցության առաջնորդ Լեո Վարադկարը եւ «Կանաչների կուսակցության» առաջնորդ Իմոն Ռայանը։

Այս հերթականությամբ նրանք կփոխարինեն միմյանց առաջիկա հինգ տարիների ընթացքում։ Մարտինը վարչապետ կմնա մինչեւ 2022թ․ դեկտեմբեր։

Երեք կուսակցությունները ապագա կոալիցիոն կառավարության ծրագրում նշել են, որ կորոնավիրուսի համավարակի ֆոնին անհրաժեշտ է հատուկ ճկունություն դրսեւորել ի շահ քաղաքացիների բարօրության։

«Մի քանի կարճ ամիսների ընթացքում աշխարհը գլխիվայր շուռ եկավ․․․ Այն բանի դեմ պայքարում, ինչը սպառնում է բոլորիս, մենք ցույց տվեցինք, որ կարող ենք զարմացնել ինքներս մեզ՝ արագ հարմարվելով, ստեղծելով նոր դաշինքներ եւ աշխատելով միասին այնպես, ինչպես մենք չէինք ակնկալում»,- ասվում է փաստաթղթում։

Մինչ այժմ Իռլանդիայում վարչապետների փոխատեղում տեղի չի ունեցել, երկրում գործում էր մի համակարգ, որի դեպքում ընտրություններում հաղթանակ տարած կուսակցության առաջնորդը դառնում էր վարչապետ, իսկ երկրորդ տեղը զբաղեցրած կուսակցության առաջնորդը՝ փոխվարչապետ։ Սակայն փետրվարի 8-ի ընտրություններն ավարտվեցին ավանդական երկկուսակցական համակարգի տրոհմամբ: Խորհրդարանում ամենամեծ թվով՝ 38 տեղերը «Ֆիաննա Ֆայլ»-ինն են, սակայն նրա տարանջատումը մրցակիցներից նվազագույն էր: «Ֆինե Գելը» ստացել է 35 տեղ, իսկ գլխավոր նորություն դարձել է արմատական հանրապետական «Շին Ֆեյն» կուսակցության հաջողությունը: Նա գրավել է երկրորդ տեղը՝ խորհրդարանում ստանալով 37 տեղ: Քանի որ «Շին Ֆեյն»-ը նախկինում սերտ կապի մեջ է եղել «Իռլանդական հանրապետական բանակ» ահաբեկչական կազմակերպության հետ, եւ մյուս կուսակցությունները չէին ձգտում նրա հետ կոալիցիա կազմել, նրանք ստիպված էին բարդ բանակցությունների մեջ մտնել Կանաչների հետ, որոնք խորհրդարանում 12 տեղ էին ստացել:

Այժմ «Շին Ֆեյն»-ը դարձել է հիմնական ընդդիմադիր կուսակցությունը, իսկ նրա առաջնորդ Մերի-Լու Մաքդոնալդը՝ ընդդիմության առաջնորդը: