ԳԴՀ-ն եւ ՆԱՏՕ-ն ընդգծել են Ատլանտիկայի երկու կողմերում անվտանգության համար Գերմանիայում ամերիկյան զորքերի ներկայության կարեւորությունը՝ այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կկրճատի այնտեղ տեղակայված զորքերի քանակը, հայտնում է AFP-ը:

«Մենք կարծում ենք, որ ամերիկյան զորքերի ներկայությունը Գերմանիայում կարեւոր է ոչ միայն Գերմանիայի, այլեւ Միացյալ Նահանգների եւ հատկապես Եվրոպայի անվտանգության համար»,- Լեհաստան կատարած այցի ընթացքում ասել է Գերմանիայի արտգործնախարար Խայկո Մաասը:

Թրամփը նախօրեին հայտարարել էր ԳԴՀ-ում ամերիկյան զորքերի թիվը կրճատելու մասին, քանի որ Գերմանիան «ժամկետանց» մուծումներ ունի ՆԱՏՕ-ում եւ «վատ» է վերաբերվել առեւտրի հարցում Միացյալ Նահանգներին։

Մաասն ասել է, որ Գերմանիան չի ստացել որեւէ մանրամասներ այն մասին, թե երբ եւ ինչպես կարող է տեղի ունենալ վերատեղակայումը: «Ոչ Պետդեպարտամենտը, ոչ Պենտագոնը չկարողացան որեւէ տեղեկատվություն տրամադրել այդ մասին»,- ասել է նա՝ հավելելով, որ Եվրոպայի անվտանգության կառույցի մեջ որեւէ փոփոխության դեպքում «անպայման անհրաժեշտ է խոսել»:

ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Սթոլթենբերգը նաեւ ասել է, որ Եվրոպայում ամերիկյան ուժերը Ատլանտիկայի երկու կողմերն ավելի անվտանգ են դարձրել:

Դաշինքի երկրների պաշտպանության նախարարները չորեքշաբթի եւ հինգշաբթի կայանալիք տեսաբանակցությունների ընթացքում կքննարկեն Թրամփի ծրագրերը: