Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի (ստորին պալատի) նախագահ Նուրլան Նիգմատուլինը վարակվել է կորոնավիրուսով եւ անցել է ինքնամեկուսացման ռեժիմի: Այս մասին հայտնում են օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունից:
Մամուլի ծառայությունում հիշեցրել են, որ հունիսի 9-ին եւ 11-ին ստորին պալատի նախագահն ընդունել է առողջապահության նախարար Ելժան Բիրտանովին: «Ելժան Բիրտանովի դրական արդյունքի կապակցությամբ Մաժիլիսի խոսնակը հունիսի 16-ին եւս մեկ թեստ է հանձնել: Դժբախտաբար, թեստը դրական արդյունք է ցույց տվել: Ընդ որում, ախտորոշումն արվել է որպես ասիմպտոմատիկ»,- պարզաբանել են մամուլի ծառայությունում:
«Հետեւելով հաստատված ընթացակարգին՝ Նուրլան Նիգմատուլինն ինքնամեկուսացման մասին որոշում է կայացրել: Ներկայումս Մաժիլիսի նախագահը շարունակում է աշխատել հեռավար կարգով: Հունիսի 17-ին նախատեսված Մաժիլիսի լիագումար նիստը կանցկացնի նրա տեղակալը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ղազախստանում արտակարգ դրությունը հանվել է, սակայն հանրապետության տարբեր շրջաններում կարանտինային միջոցառումները դեռ պահպանվում են:





























