Ուրբաթ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտնել էր, որ դաշնակիցների, ինչպես նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական իրավաբան Ռուդի Ջուլիանիի գործերը քննող դատախազ Ջեֆրի Բերմանը հեռացել է իր պաշտոնից, սակայն դատախազն ինքը պնդում է, որ հրաժարական չի տվել եւ շարունակում է վարել իր գործերը, հայտնում է Associated Press-ը: 

Գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը հայտարարել էր, որ Բերմանը հեռանում է Նյու Յորքի Հարավային շրջանի դատախազի պաշտոնից:

Ընդ որում՝ Բերմանն ինքը իր հայտարարության մեջ պնդում է, որ իր հրաժարականի մասին տեղեկացել է լրատվամիջոցների լուրերից:

«Ես կհեռանամ, երբ Սենատը հաստատի նախագահի նշանակած թեկնածուին: Մինչ այդ մեր քննությունները առաջ կընթանան առանց հապաղումների եւ միջամտության»,- ասել է նա:

Ի դեպ, ԱՄՆ գլխավոր դատախազը ավելի վաղ հայտարարել էր, որ Դոնալդ Թրամփը մտադիր է Նյու Յորքի Հարավային շրջանի դատախազի պաշտոնում նշանակել արժեթղթերի եւ բորսաների հարցերով հանձնաժողովի ղեկավար Ջեյ Քլեյթոնին, որը լավ կապեր ունեցող իրավաբան է Ուոլ սթրիթից եւ ներկայկացնում է այնպիսի խոշոր ընկերությունների, ինչպես Goldman Sachs-ը, Barclays-ը, Deutsche Bank-ը եւ UBS-ն:

Ինքը՝ Բերմանը, Ջուլիանիի գործից բացի, քննում էր «ուկրաինական գործի» հետ կապված փաստացի բոլոր գործերը:

Լրատվական գործակալությունը նշում է, որ դրանից մի քանի օր առաջ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը նախագահին մեղադրել էր Նյու Յորքի Հարավային շրջանի դատախազությունում քննվող թուրքական Halkbank բանկի գործին միջամտելու փորձերի մեջ, որը փորձել էր գործարք կնքել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: