Երեւանում մայիսի 17-ին կկայանա Արցախյան ազատամարտի մասին պատմող գեղարվեստավավերագրական ֆիլմի շնորհանդեսը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ֆիլմի հեղինակ, ռեժիսոր Վրույր Թադեւոսյանը: Նրա խոսքով` մեկ ժամ տեւողությամբ ֆիլմը նկարահանվել է հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանի «Հաղթազենները» գրքի հիման վրա:
Ռեժիսորի ներկայացմամբ`պատերազմի հերոսները պատերազմից 20 տարի անց ներկայացնում են իրենց պատմությունները: Այդ 10 հերոսներից 6-ը մահացել է: Ֆիլմը, ըստ էության, ուղղակիորեն առնչվում է 4 կենդանի հերոսներին եւ անուղղակի` 6 հերոսներին: Ֆիլմի առանձնահատկությունն այն է, որ հերոսները իրենք են պատմում իերնց պատմությունները եւ ինչպես նշեց Վրույր Թադեւոսյանը, անհրաժեշտ էր փրկել այս ամենը: Ֆիլմի մեջ նկարահանվել է մոտ 20 դերասան, նկարահանումներ տեղի են ունեցել Ստեփանակերտում, Մարտակերտում, Գանձասարում, Շուշիում եւ այլուր իսկ բեմադրված հատվածները` Ծաղկաձորում` Բաքվի տեսարաններ ստանալու նպատակով:
Հետագայում նախատեսել են նաեւ ֆիլմը թարգմանել տարբեր լեզուներով:




























