«Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2017 թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու, կաշառք  ստանալու հարյուրավոր եւ համակարգային բնույթ կրող ենթադրյալ դեպքերի առնչությամբ չի հարցաքննվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Առուստամյանի փաստաբան Հովիկ Սուքիասյանը։

«Ես գլխավոր դատախազի միջնորդագրից եմ հասկացել, որ շոշափվում է իր անունը, սակայն Առուստամյանը չի հարցաքննվել»,- ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հունիսի 14-ին 2017 թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու, կաշառք  ստանալու հարյուրավոր եւ համակարգային բնույթ կրող ենթադրյալ դեպքերի առնչությամբ տարածեց հաղորդագրություն։ Հարուցված քրեական գործի շրջանակներում արվել են շուրջ չորս տասնյակի հասնող խուզարկություններ, որի ընթացքում առգրավվել են համակարգչի միջոցով կամ ձեռագիր եղանակով կատարված մանրակրկիտ գրառումներ պարունակող փաստաթղթեր, որոնք վերաբերում են ընտրությունների ժամանակ կատարված դրամական միջոցների շարժին։

Որպես մեղադրյալ է ներգրավվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որին ԱԺ-ն զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից։

Նշենք, որ երեկ՝ հունիսի 22-ին, դատարանը Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ քննիչի միջնորդությունը մերժելու որոշում կայացրեց։