Սերգեյ Խրուշչովի այրին՝ Վալենտինա Գոլենկոն, հերքել է, որ իր ամուսինը մահացել է գլխի հատվածում հրազենային վիրավորումից: Նա պնդում է, որ Սերգեյ Խրուշչովը մահացել է ծերությունից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ The New York Times-ը՝ հղում անելով Ռոդ Այլենդի ոստիկանությանը, գրել էր, որ Խրուշչովի մարմինը հայտնաբերել են գլխի վիրավորումով: Ոստիկանության տեղեկություններով՝ բռնության ակնհայտ հետքեր չեն հայտնաբերվել:

«Պետք չէ ինձ պատմել բոլոր խոսակցությունները: Նա մահացել է ծերությունից: Երկու տարի է՝ նա հիվանդ էր»,-ասել է Գոլենկոն:  

Քաղաքագետ Սերգեյ Խրուշչովը՝ ԽՄԿԿ ԿԿ նախկին առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովի որդին, մահացել է հունիսի 18-ին ԱՄՆ-ում, որտեղ ապրում եւ աշխատում էր 1991 թվականից: