Կենտրոնական բանկի խորհուրդն այսօրվա նիստում որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8.5 տոկոս:
Ըստ Կենտրոնական բանկի պաշտոնական հաղորդագրության՝ 2011 թ. ապրիլին արձանագրվել է 0.2 տոկոս գնանկում, որի արդյունքում 12-ամսյա գնաճը նվազել է 2.6 տոկոսային կետով եւ կազմել է 8.9 տոկոս։
ԿԲ խորհուրդն արձանագրել է, որ չնայած անորոշությունների պահպանմանը, ապրիլի ընթացքում պարենային եւ հումքային ապրանքների միջազգային շուկաներում նկատվել են գների կայունացման միտումներ:
Ինչ վերաբերում է ներքին զարգացումներին, ապա ԿԲ-ի կարծիքով, դրանք համախառն պահանջարկի վրա կունենան չեզոք ազդեցություն։
Միեւնույն ժամանակ, ներկա բնակլիմայական պայմաններում եւ գյուղատնտեսության ճյուղում իրականացվող միջոցառումների արդյունքում ակնկալվում է տեղական արտադրության պարենային ապրանքների գնանկումային միտումներ:
ԿԲ խորհուրդն իրատեսական է համարում, որ վերոնշյալը եւ տարեսկզբից իրականացրած դրամավարկային պայմանների խստացման արդյունքում ձեւավորված տոկոսադրույքները կնպաստեն 2011 թ. երկրորդ կեսից գնաճի արագ նվազմանը եւ կանխատեսվող հորիզոնում 4%±1.5 տատանումների թույատրելի միջակայքում ձեւավորմանը:





























