Սան Ֆրանցիսկոյում Կալիֆոռնիայի համալսարանից եւ Գերմանիայում Ֆրայբուրգի համալսարանից գիտնականները եկել են եզրահանգման, որ նոր տիպի կորոնավիրուսով վարակված բջիջներում ձեւավորվում են երկարավուն անցքեր, որոնք թույլ են տալիս վարակին ավելի արագ տարածվել օրգանիզմում։ Այդ մասին ուրբաթ հաղորդել է Financial Times թերթը՝ հղում անելով հետազոտության արդյունքներին։
«Գոյություն ունեն երկար թելեր, որոնք ձեւավորում են անցքեր ուրիշ բջիջներում, եւ ձեւավորված թունելի միջոցով վիրուսն անցնում է այդ բջիջներին։ Մեր հիպոթեզը կայանում է նրանում, որ դա արագացնում է վարակի տարածումը»,-պարբերականը մեջբերում է պրոֆեսոր Նեւան Քրոգանի խոսքերը, որը ղեկավարում է նախագիծը։ Հայտնաբերված թելերը գիտնականն անվանել է «չարագործ շոշափուկներ»,-հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Թերթի տվյալներով՝ հետազոտության մեջ նաեւ նշվում է, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում կարող են կիրառվել դեղամիջոցներ, որոնք ստեղծվել են քաղցկեղը բուժելու համար, որը, Քրոգանի խոսքով, նույնպես փորձում է գտնել բջջի «աքիլեսյան գարշապարը»։ «Լիովին տրամաբանական է, որ քաղցկեղի եւ վիրուսի դեմ դեղամիջոցներում լինեն ընդհանուր գծեր»,-եզրակացրել է պրոֆեսորը։





























