Հայաստանում 4 կուսակցություններ ցանկություն են հայտնել անդամակցել Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը (ԵԺԿ), որոնց թվում է նաեւ «Ժառանգությունը»:
Այսօր` մայիսի 10-ին «Ժառանգության» պատգամավորները Երեւանում հանդիպել են ԵԺԿ ղեկավար Վիլֆրեդ Մարթենսի գլխավորած պատվիրակությանը եւ ներկայացրել կուսակցության գաղափարախոսությունը: Նշվել է, որ «Ժառանգությունը» արմատներով ազգային-պահպանողական է, տնտեսական ուղեգծով` ազատական, կառավարման ժողովրդավարական համակարգի կողմնակից քաղաքական ուժ, որն առաջնային խնդիր է համարում Հայաստանի` որպես ժողովրդավարական, իրավական, իր ներքին ու արտաքին քաղաքականությունն ազգային ինքնիշխան շահի հիման վրա կառուցող զարգացած պետության կայացումն ու եվրոպական ընտանիքին նրա լիարժեք ինտեգրումը:
Խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը կարեւորել է եվրոպական կուսակցական ընտանիքներին Հայաստանի քաղաքական կուսակցությունների ինտեգրման գործընթացը, որը ոչ միայն Հայաստանն է մոտեցնում Եվրոպային, այլեւ նպաստում է Հայաստանում եվրոպական ժողովրդավարական արժեքների արմատավորմանը: Այդ կապակցությամբ Սաֆարյանը կարեւորել է ԵԺԿ-ին հայաստանյան կուսակցությունների անդամակցելու գործընթացի դրական ազդեցությունը թեկնածու ուժերի ներքին ժողովրդավարացումը, ժողովրդավարական վարքագիծը ու Հայաստանում իրական բարեփոխումներ խթանելու առումներով:
«Ժառանգության» դիտարկմամբ` քանի որ խորհրդարանական չորս քաղաքական կուսակցություններ ԵԺԿ-ին անդամակցելու ցանկություն են հայտնել, ուստի նրանց համար իսկապես փորձաքար է դառնում առաջիկա ընտրություններն ազատ եւ արդար կազմակերպելը, ինչը ցույց կտա, թե որքանով ենք մենք բոլորս պատկանում եվրոպական արժեքային համակարգին ու որքանով ենք ժողովրդավար մեր խոսքով ու գործով:
Հանդիպման ավարտին Վիլֆրեդ Մարթենսն ընդգծել է, որ Հայաստանի պաշտոնական շրջանակների եւ իշխող կուսակցությունների խոստացած բարեփոխումները հատկապես Ընտրական օրենսգրքի, խոսքի ազատության, հավաքների ազատության եւ կոռուպցիայի դեմ պայքարի ուղղություններով պետք է առարկայական լինեն: Նա նաեւ տեղեկացրել է, որ աշնանը ԵԺԿ աշխատանքային խումբը կժամանի Հայաստան` գնահատելու կուսակցությունների վարած քաղաքականությունը եւ բարեփոխումների գործընթացը, որոնք պետք է իրականացվեն այս ընթացքում:




























