Հայաստանն այսօր հերթական անգամ կանգնած է ազատ եւ արդար ընտրությունների միջոցով ժողովրդի կողմից իշխանության ձեւավորման մարտահրավերների առջեւ: Այս մասին այսօր` մայիսի 10-ին ԱԺ ամբիոնից հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, շարունակելով. «Խորհրդարանական մեծամասնությունն առանց ընդդիմության ու քաղաքացիական հասարակության հետ համաձայնություններ ձեռք բերելու փոխում է ընտրական օրենսքգիրքը, քաղբանտարկյալների ազատ արձակումը չի ուղեկցվում նրանց դատավճիռներով մարտի 1-ին տրված պաշտոնական գնահատականների վերանայմամբ, Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքները թույլատրվում են միայն «կոռեկտ եւ առանց շեղումների» վարքագծի դեպքում, իսկ մարտի 1-ի բացահայտումը դեռեւս մշուշոտ է»:

Նա տեղեկացրել է, որ օրերս Զարուհի Փոստանջյանի, բնապահպան ու քաղաքացիական բազում ակտիվիստների հետ այցելել է Նալբանդյան Սայաթ Նովա պողոտա, Նալբանդյան, Ա.Պետրոսյան եւ Թումանյան փողոցներով պարփակված բակային տարածք, որտեղ ինչ-որ անձինք բարձրահարկ շենք կառուցելու նպատակով ցանկապատել են շուրջ 9.000 քմ տարածք, որտեղ լրջորեն վնասելով հաստաբուն եւ տարիքով բազմաթիվ ծառեր, նոր կառուցվելիք շենքի հիմքեր են գցվել:

Նրա խոսքով, ոչ միայն հանրային լսումներ չեն կազմակերպվել իրականացվող շինարարության կապակցությամբ, ոչ միայն բացակայում է դրա վերաբերյալ բնապահպանական եզրակացությունը, այլեւ համաձայն Երեւանի քաղաքապետարանի 23.03.2011թ. տեղեկանքի` «վերը նշված բակային տարածքի կառուցապատման նախագծային փաստաթղթեր դեռեւս մշակված եւ համաձայնեցված չեն»:

«Այդ դեպքում պետք է ընդունել, որ տեղի ունեցողը օրենքի կոպտագույն խախտում է, եթե չասենք` հանցագործություն: Առավել մեծ հանցագործություն է նման հաստաբուն ծառերի հետ նման բարբարոս վարվելակերպը: Տարածքի բնակիչների եւ մեր անունից պահանջում ենք անհապաղ միջոցներ ձեռնարկել` դադարեցնելու այնտեղ որեւէ շինարարական աշխատանքի իրականացումը, փրկելու վտանգված ծառերը եւ պուրակը վերադարձնել երեւանցուն: Եւ եթե անգամ նախկին մանկապարտեզի տարածքում որեւէ շինություն պետք է կառուցվի, ապա դա պետք է լինի միայն ժողովրդի համաձայնությամբ»,- ընդգծել է ընդդիմադիր պատգամավորը: