Կառավարությունը մի օրինագիծ է ներկայացրել ԱԺ, որով կենսաթոշակային տարիքին մինչեւ 5 տարի մնացած դպրոցի տնօրենները կարող են ազատվել  հավաստագրման քննություններից, ինչն անհավասար պայմաններ է ստեղծում տնօրենների շրջանում: Այս մասին այսօր` մայիսի 10-ին ԱԺ-ում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը:

«Այս նախագծով, կառավարությունը շատ կարեւոր ու բավականին հստակ գնացող գործընթացի ժամանակ փոխում է խաղի կանոնները, որն անազնիվ ու անթույլատրելի է, որովհետեւ 267 մանկավարժներ քննության երկու փուլերն արդեն հանձնել ու ստացել են հավաստագրեր, որոնց մեջ անպայման կլինեն նաեւ այդ տարիքի մանկավարժներ»,- ասել է Բախշյանը:

«Այս ամենի վերլուծությունն ինձ հանգեցնում է հետեւյալ եզրակացության. այդ «վաստակած» ուսուցչապետերը իշխանություններին հիշեցնելով տարբեր ընտրությունների ժամանակ նրանց մատուցած իրենց ծառայությունների մասին, ուզում են կորզել այս արտոնությունը` հաշվի չառնելով, թե հասարակության կողմից ինչպես կորակավորվի այն: «Երախտագետ» իշխանությունն էլ չի ուրանում նրանց ծառայությունները, որովհետեւ դրանց կարիքը շուտով զգալու է:

Այսպիսով, դպրոցների 61 տարեկան տնօրեններն ու վաստակավոր մանկավարժներն իրենց վաստակը գնահատելու այլ ձեւ չեն պահանջում, քան ընդհանրապես քննությունից ազատվելու արտոնությունը, իսկ կառավարության ներկայացրած նախագծով մինչեւ 2011 թ. դեկտեմբերի 31-ը 61 տարին լրացած գործող տնօրեններն ու վաստակավոր մանկավարժները պետք է հանձնեն քննության միայն գրավոր փուլը, իսկ բանավոր փուլից ազատվում են»,- հայտարարել է Բախշյանը:

Նրա խոսքով, եթե վաստակավոր մանկավարժներին տրվում է այդ արտոնությունը, ապա տնօրենների մեջ կան մարդիկ, ովքեր մանկավարժական գիտությունների թեկնածուներ են, ինչո՞ւ է թերագնահատվում տարբեր պետական մարմինների կողմից արժեւորված նրանց գործունեությունը: