«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, Հայաստանի ԱԳ առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր` մայիսի 10-ի երեկոյան (Երեւանի ժամանակով` 20:30-ին) ելույթով հանդես կգա Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում (Չաթըմ Հաուս):

«Ժառանգություն» կուսակցությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Հայաստանի ներքին եւ տարածաշրջանային մարտահրավերները» անվանումով կլոր սեղանի վերաբերյալ Չաթըմ Հաուսի տարածած ազդագրում մասնավորապես ասվում է. «Հայկական քաղաքականությունները մոտենում են հերթական խաչմերուկին: Վերջին վերադասավորումները եւ բարեփոխումների անհրաժեշտության մասին դրական հայտարարությունները ակնարկում են քաղաքական հնարավոր նորամուտի մասին:

Ի հավելումն դրա, 2012թ. խորհրդարանական ընտրությունները եւ 2013թ. նախագահական ընտրությունները փակ քաղաքական համակարգի որոշակի փոփոխությունների հնարավորություն են ընձեռում: Այդուհանդերձ, Հայաստանի ժողովրդավարական ինքնության, տնտեսական ու քաղաքական բարեփոխումներ իրականացնելու ընտրախավերի քաղաքական կամքի հետ կապված հարցերը մնում են առկախ: Միեւնույն ժամանակ, երկրի արտաքին միջավայրը մնում է բարդ, իսկ արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի համար պահպանվում են մի շարք մարտահրավերներ»,- ասվում է ազդագրում: