Սիրիայի Բանիյաս քաղաքում, որը համարվում է հակակառավարական ելույթների հիմնական օջախներից, զինվորականները մայիսի 10-ին ազատ են արձակել անցած շաբաթվա ընթացքում ձերբակալված բողոքի ակցիայի 300 մասնակցի: Այդ մասին հայտնել է սիրիական իրավապաշտպան կազմակերպություններից մեկը:
Կազմակերպության տվյալներով` բանտում դեռեւս մնում է մոտ 200 մարդ, այդ թվում` հակակառավարական շարժման լիդերներ:
Սիրիայի իշխանություններն օրերս իրենց ամուսինների ձերբակալման դեմ բողոքի ակցիայի դուրս ելած կանանց խոստացել էին, որ 40-ից բարձր տարիքի տղամարդկանց բաց կթողնեն, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ Սիրիայի ընդդիմությունը նախօրեին դիմել է երկրի նախագահ Բաշար ալ Ասադին` «բռնություններին վերջ տալու եւ լայն ազգային երկխոսություն սկսելու» կոչով:





























