Պարսից ծոցի երկրները Չինաստանի, Ռուսաստանի, Ճապոնիայի եւ Ֆրանսիայի հետ համատեղ, նախագիծ են մշակում նավթի դիմաց դոլարային հաշիվներում։ Այդ մասին իր այսօրվա թողարկման մեջ գրում է բրիտանական «The Independent» թերթը՝ հղում անելով բանկային աղբյուրներին , որոնց տվյալներով այդ նպատակով արդեն մի քանի գաղտնի հանդիպումներ են կայացել։
Թերթի տվյալներով, հանդիպումները տեղի են ունեցել այդ երկրների ֆինանսների նախարարների եւ կենտրոնական բանկերի ղեկավարների մակարդակով։ Այդ հանդիպումների ընթացքում, որ հայտնի են դարձել ամերիկյան կողմին, վերանայվել է նավթի գնի կապը ազգային ու միջազգային արժույթների հետ։ Դրանց թվում կարող են հայտնվել ճապոնական իենը, չինական յուանը, ոսկին եւ Պարսից ծոցի համագործակցող երկրների նոր դրամական միավորը։
Հրաժարումը դոլարից կլինի 2018-ին, բայց, ինչպես հայտնում է աղբյուրը, արժույթի զամբյուղը, որի հիման վրա պետք է հաշվարկվել նավթի գինը, դեռեւս հաստատված չէ։
Նավթի դիմաց դոլար չվճարելը հետաքրքրել է Բրազիլիային եւ Հնդկաստանին, բայց, ինչպես երեւում է, ավելի շատ ոգեւորված է Չինաստանը, որ հսկայածավալ առեւտուր է իրականացնում Մերձավոր Արեւելքում, եւ նավթի ավելի մեծ պահանջարկ ունի, քան ԱՄՆ-ը։ Չինաստանի բանկային շրջանակներում հավատացնում են, որ ամերիկացիներն այլեւս չեն կարող խանգարել դոլարից հրաժարման գործընթացին։ «Ռուսներն, ի վերջո, ռուբլին կներառեն զամբյուղի մեջ։ Բրիտանացիները երկու կրակի մեջ են հայտնվել եւ կմտնեն եվրոյի գոտի, քանի որ չեն կարողանա օգտվել դոլարից»,- հարցազրուցում ասել է հոնգկոնգցի հեղինակավոր մի բանկիր։ Այժմ նախատեսվում է, որ դոլարից հրաժարման գործարքները կավարտվեն 2018-ին։
Իմիջիայլոց, ինչպես հայտնում է Reuters-ը, այս հրապարակումն արդեն արձագանք է գտել միջազգային շուկաներում։ Երեքշաբթի օրվա դրությամբ ամերիկյան դոլարը թուլացրել է իր դիրքերը եվրոյի, իենի եւ ավստրալական դոլարի համեմատ։




























