Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի աշխատանքային շրջայց է կատարել Արաբկիր վարչական շրջանի փողոցներում ու բակերում:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Մերգելյան ինստիտուտի հարակից պուրակում նկատելով որոշ թերություններ` Կարապետյանը տնտեսվարողներին հանձնարարել է բարեկարգել այգու ողջ տարածքը եւ հատուկ ուշադրություն դարձնել սիզամարգերի ու ծառերի խնամքին:
Նշվել է, որ Արաբկիրում շենքերի ճակատային մասերի լվացման եւ մաքրման աշխատանքներ են նախատեսվում Կիեւյան փողոցում:
Պատկերը մտահոգիչ էր «Արաբկիր» զբոսայգում: Վարձակալությամբ տրված այգում տնտեսվարողի կողմից բարեկարգման աշխատանքներ չեն իրականացվում եւ, վարչական շրջանի ղեկավար Էդուարդ Մուշեղյանի խոսքով, առաջիկայում հնարավոր է, որ այստեղ դադարեցվի վարձակալության պայմանագիրը:
Շրջայցից հետո քաղաքապետը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Անդրադառնալով վարչական շրջանների զարգացմանը, նա առաջարկել է մշակել վարչական շրջանի զարգացման հայեցակարգ, որը կլինի իրատեսական ու փոքրածավալ մի փաստաթուղթ եւ, ըստ էության, հիմք կհանդիսանա քաղաքի զարգացման գլխավոր պլանի համար, որն էլ կնախանշի այն մոտեցումները, թե ինչպիսին ենք ուզում տեսնել մայրաքաղաքը:




























