Իշխանությունների մի մասը նշում է, որ Թուրքիայից Հայաստան ներկրվող լոլիկը մաքսազերծվում է, իսկ մի մասն էլ նշում է, որ լոլիկ չի ներկրվում. Եթե չի ներկրվում, ապա ինչպե՞ս է մաքսազերծվում չներկրվող լոլիկը: Նման հարցադրումով է այսօր` մայիսի 11-ին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հանդես եկել «Ժառանգություն» խմբակցության պատգմավոր Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով, Կառավարչության կողմից անընդհատ խոսվում է գյուղատնտեսությանը եւ գյուղացուն աջակցելու մասին: «Վերջերս խնդիր առաջացավ ջերմոցային տնտեսությունների արտադրանքի, հատկապես` լոլիկի իրացման հետ: Գյուղացիները պնդում են, որ Թուրքիայից լոլիկ է ներկրվում:
Եթե սրան ավելացնենք նաեւ այն, որ այսօր գյուղացիական շատ տնտեսություններ ունեն բանկերից բարձր տոկոսադրույքներով վերցրած վարկերի վերադարձելիության խնդիր, ապա պարզ է դառնում գյուղացու ծանր սոցիալական վիճակը»,- ասել է ընդդիմադիր պատգամավորն ու հարց ուղղել գյուղատնտեսության նախարարին. «Պատրաստվո՞ւմ է արդյոք կառավարությունը օգնել գյուղացիներին եւ դրամական աջակցություն ցույց տալ»:
Ի պատասխան գյուղնախարար Սերգո Կարապետյանն ասել է, որ Հայաստանի Հանրապետությունում ջերմոցային տնտեսությունները զարգանում են, եւ առաջիկայում ցանքատարածություններն ավելանալու են:
«Ինչ վերաբերում է ներկրվող լոլիկին, ապա դրա գինը պետք է կարգավորի շուկան. Կառավարությունն այդ հարցերին չի միջամտում: Սննդի անվտանգության ծառայությունը խիստ անվտանգություն է սահմանել ներկրվող լոլիկի որակի նկատմամբ, եւ դրա հետեւանքով սահմանափակվել է ներկրվող լոլիկի վաճառքը, եւ շուկայում հիմնականում վաճառվում է տեղական լոլիկ: Ընդհանրապես արգելելու իրավունք կառավարությունը չունի, որովհետեւ մեր երկրում գործում են ազատ շուկայական հարաբերություններ, եւ ձմեռային ամիսների ընթացքում արտադրրվող լոլիկի քանակը չի բավարարում ներքին սպառման պահանջները: Ինչ վերաբերում է կարկտահարություններին, ապա այդ հարցը կառավարությունում ուսումնասիրվում է, եւ կտրվեն համապատասխան առաջարկություններ ու որոշակի լուծումներ»,- ասել է նախարարը:




























