Դիմակներ կրելն անհրաժեշտ է, նույնիսկ եթե մի մեքենայում ամուսիններ կամ նույն ընտանիքի անդամներ են։ Այս մասին հուլիսի 13-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով պատգամավորների դիտարկումներին:
Նա նաեւ նշեց, որ բոլորը պետք է դիմակ կրեն մեքենաներում, եւ հնարավորինս քիչ բացառություններ լինեն:
«Եթե նույնիսկ նույն ընտանիքի անդամներ են գնում մեքենայով, նրանք պետք է դիմակներ կրեն, հակառակ դեպքում ցանկացած ստուգման ժամանակ մեքենայի ուղեւորները կասեն, որ իրենք մերձավոր ազգականներ են: Այնպես որ, բոլորը պետք է դիմակներ կրեն՝ անկախ նրանից ամուսիններ, հարազատներ, ընկերներ են, թե՝ ոչ»,- պարզաբանեց փոխվարչապետը:
Նշենք, որ դիմակներ կրելուց ազատված են միայն այն քաղաքացիները, ովքեր ունեն որոշակի տեսակի հիվանդություններ: Ընդ որում, նրանց թույլատրվում է դիմակներ չկրել միայն դրսում եւ հիվանդության մասին տեղեկանքի առկայության դեպքում:
Հիշեցնենք, որ անձնագրում կա «գրանցում» սյունակ, որի համաձայն հեշտ ու հանգիստ կարելի է պարզել ընտանեկան հարաբերությունները:




























