Հայաստանի վարչական դատարանն այսօր` մայիսի 12-ին քննեց ՀՀ բնապահպանության նախարարության դեմ «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի հայցը: Այդ մասին տեղեկացնում է «Էկոլուրը»:

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն միջնորդեց կասեցնել գործընթացը, քանի որ ՀՀ  վերաքննիչ դատարանում դեռ շարունակվում է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի դեմ հայցերի քննությունը: ՀՀ բնապահպանության նախարարությունը համաձայնվեց միջնորդության հետ: Սակայն «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ն միջնորդությունը համարեց անհիմն, քանի որ իրենց հայցը ոչ թե «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի, այլ նախարարության անգործության դեմ է: Դատարանը որոշեց գործընթացի կասեցման վերաբերյալ պատասխանը տալ մայիսի 18-ին:

Հիշեցնենք, որ կազմակերպությունը նախարարությանը մեղադրում է անգործության մեջ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի նկատմամբ, որն իր հերթին չի ապահովում կոյուղաջրերով եւ հանքարդյունաբերական թափոններով աղտոտված Ողջի գետի մաքրումը: