Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը հերքում է «Ինֆորմացիայի ազատության  կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանի  մայիսի 10-ին մամլո ասուլիսում արած հայտարարությունը, թե «Ստեփանավանի քաղաքապետը 11-րդ էջից սկսած յուրաքանչյուր էջ ինֆորմացիա տրամադրելու համար պահանջում է 500 դրամ»: Այս մասին այսօր`մայիսի 12-ին, NEWS.am-ը նամակ է ստացել Ստեփանավանի քաղաքապետից, որում մասնավորապես նշված է.

«Ստեփանավանի քաղաքապետարանը աշխատում է բաց եւ թափանցիկ, արդեն 2 տարի է  ունի պարբերաբար թարմացվող www.stepanavan.am կայքը, որտեղ տեղադրվում է քաղաքապետարանի հետ կապված ցանկացած տեղեկատվություն, այդ թվում` համայնքի ավագնու եւ համայնքի ղեկավարի որոշումները:

Համայնքի ավագանու` «Քաղաքապետարանում պատճենահանվող որոշումների կրկնօրինակների համար տեղական վարձավճար սահմանելու մասին»  թիվ 19-Ն  որոշումը ավագանու մեկ այլ որոշմամբ չեղյալ է համարվել:

Իսկ ինչ վերաբերվում է 2011թ. առաջին եռամսյակում տեղեկատվություն չտրամադրելուն, ապա կարող ենք հավաստիացնել, որ նշված ժամանակահատվածում Ստեփանավանի քաղաքապետարան դիմած յուրաքանչյուր քաղաքացի ստացել է իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը` առանց որեւէ գումար վճարելու: Հետևաբար Շուշան Դոյդոյանի արած հայտարարությունը զրպարտություն է և կրկնվելու դեպքում  կենթարկվի պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով»:

Հիշեցնենք, որ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» 2011թ առաջին եռամսյակում` տեղեկատվություն չտրամադրող պաշտոնյաների «սեւ ցուցակում» հայտնվել են Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը եւ Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը: Նրանք, ըստ Կենտրոնի, ամենաշատն են խախտել տեղեկատվության ազատության մասին օրենքը: Դոյդոյանը նշել էր, որ Ստեփանավանի քաղաքապետն էլ 11-րդ էջից սկսած յուրաքանչյուր էջ ինֆորմացիա տրամադրելու համար պահանջում է 500 դրամ: