Հուլիսի 15-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում երկրորդ եւ վերջին ընթերցմամբ քննարկվեցին «Աուդիովիզուալ լրատվամիջոցների մասին» ռեզոնանսային օրենսդրական փաթեթը եւ «Արտոնագրման մասին» օրենքում փոփոխությունները:
Փաթեթի համահեղինակներից մեկը՝ «Իմ քայլը» իշխող դաշինքի պատգամավոր Վահագն Թեւոսյանը, նշեց, որ նախագծում կատարվել են որոշ լրացումներ եւ շտկումներ:
Մասնավորապես, ազգային փոքրամասնությունների լեզուներով հաղորդումներ հեռարձակելու համար առաջարկվում է շաբաթական հատկացնել 30 րոպե հանրային հեռուստատեսությանը, 2 ժամ` հանրային ռադիոյին:
Օրենսդրական նախաձեռնության հեղինակների հավաստիացմամբ՝ դրա նպատակն այն է, որպեսզի ապահովվի հավաստի տեղեկատվություն ստանալու յուրաքանչյուրի իրավունքը, երաշխավորվի խմբագրական անկախությունը եւ կարծիքների արտահայտման ազատությունը:
Նախաձեռնությունը պետք է փոխարինի «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» գործող օրենքին, որն, ըստ օրինագծի հեղինակների, այլեւս չի համապատասխանում ժամանակի պահանջներին:
Բացի այդ, օրենսդրական փաթեթի նպատակն է ապահովել լրատվական ծառայությունների, աուդիովիզուալ տեղեկատվության զարգացումը եւ անվտանգությունը, տեսալսողական տարբեր ծրագրերի տրամադրումը կարգավորող մարմնի անկախությունը:
Նախագծում սահմանվում է աուդիովիզուալ մեդիածառայությունների տարածողների, աուդիովիզուալ տեղեկատվության կարգավիճակը, համակարգված է արտոնագրման, թույլատրման եւ հեռարձակման կարգը, իրավունքների եւ պարտականությունների, ինչպես նաեւ գործունեության ընթացքում ծագող հարաբերությունների հիմունքները:
Օրենսդրական նախաձեռնության հեղինակների կարծիքով, որոնց թվում է պատգամավոր Արման Բաբաջանյանը, ակնկալվում է, որ նախագծի ընդունումը կբարձրացնի հանրային հեռարձակման արտադրանքի որակը, կստեղծի բարենպաստ իրավական դաշտ, ինչպես նաեւ հավասար մրցակցային միջավայր, ինչը կապահովի լրագրության, մեդիագրագիտության որակի բարելավումը եւ կբերի ատելության դրսեւորումների նվազեցման, ավելի արդյունավետ կդարձնի մեդիակառավարումը, կնպաստի լրատվական միջոցներում սեփականության իրավունքի թափանցիկությանը, ինչպես նաեւ կապահովի լրատվամիջոցների արտադրանքի հուսալիությունը եւ պատասխանատվության անհատականացումը:
Օրենսդրական նախաձեռնությամբ նաեւ ամրապնդվում է պետական լեզվի պաշտպանությունը, ենթադրվում անցում հայերենի՝ անկախ հեռուստաալիքների սեփականության ձեւից: Ներառված է այն պահանջը, որ այլ լեզուներով աուդիովիզուալ ծրագրերը կրկնօրինակվեն, հնչյունավորվեն կամ հեռարձակվեն սուբտիտրերով:
Միաժամանակ, արտասահմանյան հեռարձակողները պետք է հեռացվեն Հայաստանի հանրային մուլտիպլեքսից: Նշենք, որ այս կետի տակ հիմնականում ընկնում են Հայաստանում վերահեռարձակվող ռուսական հեռուստաալիքները: Ինչպես նշում են նոր իշխանությունները, արգելքը պայմանավորված է «տեղեկատվական եւ լեզվական անվտանգության» նկատառումներով:
Այնուամենայնիվ, չնայած օրենսդրական նախաձեռնության հեղինակների շատ հուսադրող փաստարկներին եւ հիմնավորումներին, խորհրդարանական ընդդիմությունը, ի դեմս «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների, մտահոգություն հայտնեց:
Այսպես, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի խոսքերով, խորհրդարանական ընդդիմությունը հնարավորություն չի ունեցել ծանոթանալու նոր փոփոխություններին, քանի որ ԲՀԿ-ն բոյկոտել էր խորհրդարանի աշխատանքը եւ համապատասխան հանձնաժողովում չի մասնակցել այս օրենսդրական նախաձեռնության քննարկմանը:
Այնուամենայնիվ, նա խոստովանեց, որ զանգվածային մեդիա ոլորտը վաղուց կարիք ունի օրենսդրական բարեփոխումների, սակայն նաեւ նշեց, որ ներկայացված օրենսդրական փաթեթը չի համապատասխանում ժամանակակից պահանջներին, ինչի մասին բազմիցս հայտարարել են տասնյակ լրատվամիջոցները եւ դրանց աջակցող կազմակերպությունները:
«Բացի այդ, այս ոլորտի ներկայացուցիչները խոսեցին այս հարցը միջազգային փորձաքննություն ուղարկելու անհրաժեշտության մասին, քանի որ որոշ դրույթներ կարող են հարցեր եւ խնդիրներ առաջացնել խոսքի ազատության սահմանափակումների առումով եւ այլն»,- պարզաբանեց խորհրդարանականը:
Նա նաեւ ուշադրություն հրավիրեց այն բանի վրա, որ հեռուստաալիքներին նորություններ թողարկելիս չթույլատրվի մեկ թեմային նվիրել եթերային ժամանակի ավելի քան 25%-ը: Պատգամավորի կարծիքով՝ նման նորամուծությունները անտեղի են, քանի որ, զուտ տեխնիկապես, որոշ դեպքերում դրանք դժվար կլինի իրականացնել, եւ այդ պատճառով դրանք պարզապես անտեղի են:
Միաժամանակ, «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հիշեցրեց իշխանություններին, որ նրանք այդպես էլ չեն լուծել մարզային հեռուստաալիքների խնդիրները, որոնց մի մասը մինչ այժմ հեռարձակվում է անալոգային ձեւաչափով, եւ մի կերպ են ապահովում է իրենց գոյությունը:
«Հիմա դուք բերել եք այս օրենսդրական նախաձեռնությունը եւ հայտարարում եք, որ պատրաստվում եք մրցույթ անցկացնել, այսպես ասած՝ ով կանցնի, կանցնի... Այս երկու տարում նոր հեղափոխական իշխանությունները ոչինչ չեն արել այդ հեռարձակողներին օգնելու համար»,- ասացց քաղաքական գործիչը՝ հավելելով, որ իշխանությունները ոչ միայն չեն լուծել նրանց խնդիրները, այլ, փաստորեն, պատրաստվում են փակել իրենց համար ոչ ցանկալի հեռուստաալիքները:
Ընդ որում, օրենսդրական նախաձեռնության համահեղինակ, «Հանուն Հանրապետության» նախաձեռնության ղեկավար, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը հերթական անգամ հայտարարեց, որ այս օրենսդրական փոփոխությունները հսկայական նշանակություն ունեն ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից, քանի որ տեղեկատվական անվտանգությունը ազգային անվտանգության կարեւորագույն բաղադրիչ է:





























