Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Շպանը կոչ է արել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) արագացնել կորոնավիրուսի հանդեպ արձագանքի հետաքննությունը:

Եվրամիությունում նախագահող Բեռլինը մինչ այժմ մեծապես պաշտպանում էր այս կազմակերպությանը՝ Վաշինգտոնի կոշտ քննադատությունից: Բայց այժմ կարծես թե Գերմանիան ավելի վճռական դիրքորոշում է դրսեւորում:

Շպանը լրագրողներին հայտնել է, որ վերջին 20 օրվա ընթացքում երկու անգամ քննարկել է ԱՀԿ-ի կողմից ճգնաժամի կառավարման հետաքննության հարցը՝ կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրեեսուսի հետ։

«Ես շատ հստակ կոչ արեցի նրան ստեղծել անկախ փորձագիտական հանձնաժողով եւ արագացնել դրա ստեղծումը»,- ասել է նա:

Անցյալ շաբաթ ԱՀԿ-ն հայտարարել էր, որ ստեղծում է անկախ հանձնաժողով՝ ստուգելու, թե ինչպես է ինքը կազմակերպում COVID-19 համավարակի դեմ պայքարը:

Շպանի խոսքերոով՝ հետաքննությունը ներկայում շատ կարեւոր է, նույնիսկ եթե համավարակը դեռ մոլեգնում է ամբողջ աշխարհում, քանի որ «մենք արդեն կարող ենք եզրակացություններ անել»: Դա կարող է հանգեցնել ԱՀԿ-ի կառավարման եւ «քաղաքական ու գիտական շրջանակների հետ համագործակցության» բարելավմանն ուղղված արագ գործողությունների, հավելել է Շպանը:

ԵՄ կառավարությունները հայտարարել են, որ հետաքննությանը պետք է հաջորդի կազմակերպության բարեփոխումը, որի հնարավորությունը արդեն քննարկվում է Միացյալ Նահանգների եւ հարուստ երկրների G7 խմբի այլ անդամների հետ, Reuters-ին հայտնել են պաշտոնյաները: Նրանցից մեկն ասել է, թե նպատակը ԱՀԿ-ի անկախության ապահովումն է: