«Գյումրիի ուռուցքաբանական դիսպանսերը», «Գյումրիի ծննդատունը» եւ «Գյումրիի պաթոլոգոանատոմիական դիսպանսերը» կվերակազմակերպվեն: Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, տեղեկանում ենք Tsayg.am-ից։

Վերջին երկու բուժհաստատությունները փաստացի կմիավորվեն «Գյումրի» ԲԿ-ին, սակայն կշարունակեն գործել իրենց ներկայիս մասնաշենքերում:

«Գյումրիի ուռուցքաբանական դիսպանսերը», սակայն, նույն հասցեում այլես չի գործի, համաձայն որոշման նախագծի, «Գյումրի» ԲԿ-ում 12 մահճակալ կտրամադրվի ուռուցքաբանական բուժծառայությունների մատուցման համար:

«Գյումրիի ուռուցքաբանական դիսպանսերի» տնօրեն Վալերի Շիրինյանն ասել է, որ ճառագայթային բաժանմունքն ընդհանրապես վերացվում է, հիվանդներին պետք է ուղարեն ազգային ուռուցքաբանական կենտրոնում ճառագայթային բուժման:

Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեյլի Ասլանյանն էլ նշել է.

«Քաղցկեղի բուժման ազգային ծրագրի շրջանակում միջազգային մասնագետներն ուսումնասիրություններ են իրականացրել եւ, մասնավորապես ճառագայթային բուժման մասով, ծառայությունը գնահատել են անբավարար»:

Իսկ թե ինչ է լինելու անձնակազմի ճակատագիրը, դեռ անորոշ է, աշխատակիցներն անակնկալի են եկել և այժմ բողոքում են՝ պահանջելով չզրկել իրենց հիմնական աշխատանքից.

«Պահանջում ենք, որպեսզի մեր դիսպանսերը մնա տեղում, հիվանդներ կան, որ և քիմիա են ստանում, և ճառագայթային բուժում, այսինքն քիմիան ստանան այստեղ, ճառագայթային բուժումն էլ գնան Երևանո՞ւմ ստանան»,- բողոքել է աշխատակիցը:

Լեյլի Ասլանյանը նշել է, որ աշխատանքը կկորցնեն հիմնականում  վարչատնտեսական մասի աշխատակիցները:

Մայրաքաղաք հասնելը հավելյալ ֆինանսական միջոցներ է պահանջում, ինչը լուրջ հիմնախնդիր է Շիրակի մարզի բնակիչների համար, բողոքել է քաղաքացիներից մեկը։ Ըստ նրա՝ ժողովուրդն ի վիճակի չէ, նույնիսկ աշխատանք ունեցողները չեն կարող:

Բուժհիմնարկի գործունեության կասեցման պատճառը կատարված ուսումնասիրություններն են եղել, ըստ որի «Գյումրիի ուռուցքաբանական դիսպանսերում» կան շենքային լուրջ խնդիրներ: Սահմանված չափորոշիչներին չեն համապատասխանում նաև սարքավորումները: Դիսպանսերի տնօրեն Վալերի Շիրինյանը փաստում է, որ շենքի բարեկարգման խնդիրը կարգավորվող է, իսկ մասնաշենքի մի հատվածն ամբողջությամբ արդեն վերանորոգվել է,  չլուծված է մնում միայն ճառագայթային ապարատի լիցքավորման խնդիրը:

«Լիցքավորումը կատարելու է ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը, վերջին տարիներին մենք բազմիցս դիմել ենք գործակալությանը, որպեսզի աջակցեն մեզ վերալիցքավորելու հարցում, իսկ դա մեծ գումարների հետ է կապված, նաև դիմել ենք կառավարությանը, որ մեզ ֆինանսական առումով աջակցեն,  կառավարությունն էլ այսպես է որոշել»,- նշել է Լեյլի Ասլանյանը:

Այս առիթով՝ «Գյումրիի ուռուցքաբանական դիսպանսերից» գրություն է ուղարկվել Շիրակի մարզպետին, աշխատակազմը չի նահանջելու, պայքարելու է աշխատատեղերի պահպանման համար: