Ոստիկանության բարեփոխումը հետհեղափոխական կարեւոր բարեփոխումներից մեկն է: Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, Ոստիկանության նոր Պարեկային ծառայության ստեղծելու թեմայով քննարկման ժամանակ նշեց «Իրազեկ քաղաքացիների» միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Նրա խոսքով, պետք է հասնել նրան, որ հեղափոխության ժամանակ հնչած «Ոստիկանը մերն է» վանկարկումներին կտրվի բովանդակային, ինստիտուցիոնալ բովանդակություն:

«Պարեկային ծառայության հիմնադրման կոնցեպտում հենց դա ենք տեսնում: Բանն այն է, որ ոստիկանը պետք է դառնա օրինապահ քաղաքացու բարեկամը, ընկերը, ով առաջին օգնության հասնողը կլինի եւ ում կդիմի քաղաքացին խնդիրների դեպքում: Այսօր քաղաքացիները տարբեր պատճառներով խնդիրների դեպքում չեն դիմում ոստիկանությանը: Մարդիկ չեն ընկալում, որ ոստիկանն այն մարդն է, որ իրենց պետք է աջակցության հասնի: Հաճախ դա ասոցացվում է բյուրոկրատական քաշքշուկի հետ, եւ այս ամենի արդյունքում մարդիկ չեն դիմում:

Գաղտնիք չէ, որ վարորդները ճանապարհներին ոստիկան տեսնելիս հետո լուսարձակներով մյուս վարորդներին նշան է տալիս, որ այդտեղ ոստիկան կա, զգույշ եղիր: Սա ինչի՞ արդյունք է: Սա արդյունք է նրա, որ վարորդների մոտ ոստիկանը ընկալվում է որպես զուտ տուգանող մարմին»,-ասաց Իոաննիսյանը: