ԱՄՆ Վիրջինիա նահանգում ռազմածովային ուժերի զինծառայող Չառլզ Բրիգսը ձերբակալվել է՝ Ռուսաստանի քաղաքացուն գաղտնի տեղեկատվություն փոխանցելու կասկածանքով: Այս մասին հայտնում է The Virginian-Pilot տեղական թերթը:
Բրիգսը, ով աշխատում է Պորտսմուտի ռազմածովային բժշկական կենտրոնում, կասկածվում է ռուսաստանցուն 2019 թվականի հունվարի սկզբին գաղտնի տեղեկատվություն հանձնելու մեջ, որը ձեռք էր բերել Նեբրասկա նահանգի ավիաբազայի համակարգչից: Թե ինչպիսի տվյալներ է նա փոխանցել, չի ճշգրտվում, գրում է Meduza-ն:
Հետաքննությունը կարծում է, թե Բրիգսը տեղյակ է եղել, որ փոխանցումը կարող է «վնաս հասցնել Միացյալ Նահանգներին կամ օգտակար լինել օտարերկրյա քաղաքացուն»:
Հաջորդ շաբաթ Բրիգսին պաշտոնապես մեղադրանք կառաջադրվի գաղտնի տեղեկատվության ապօրինի տարածման համար:





























