«Եգիպտոսը դեմ է հանդես եկել արաբական երկրների գործերին Թուրքիայի քաղաքական եւ ռազմական միջամտությանը, ինչը ոչ միայն չունի որեւէ իրավական հիմք, այլեւ խախտում է Անվտանգության խորհրդի բանաձեւերը, լինի դա Իրաքում, Սիրիայում, թե Լիբիայում»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Աս Սիսին հինգշաբթի օրը Կահիրեում հանդիպել է լիբիական ցեղերի շեյխերի եւ պետերի հետ: Հանդիպումը կայացել է «Եգիպտոս եւ Լիբիա. Մեկ ժողովուրդ, մեկ ճակատագիր» խորագրով գիտաժողովի շրջանակներում: Համաժողովի ընթացքում լիբիական ցեղերի ներկայացուցիչները վերահաստատել են լիբիական բանակին եւ ցեղերին աջակցելու իրենց կոչը Եգիպտոսին:
Հունիսի վերջին Աս Սիսին հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ է օժանդակել լիբիական ցեղերին օտարերկրյա միջամտության դեմ պայքարում՝ պատրաստելով եւ զինելով նրանց: Նախագահը նաեւ նշել էր, որ Եգիպտոսի ցանկացած ուղղակի միջամտություն Լիբիայում այժմ օրինական է եւ համապատասխանում է միջազգային օրենսդրությանը: Նրա խոսքով՝ զորքերի առաջխաղացման համար «կարմիր գիծը» Սիրթ քաղաքն է, որը գտնվում է Եգիպտոսի հետ սահմանից մոտ 900 կմ հեռավորության վրա, եւ Ջուֆրա նահանգը:
Անցյալ շաբաթ Եգիպտոսը Լիբիայի հետ սահմանին անցկացրել է լայնամասշտաբ զորավարժություն՝ «Վճռականություն 2020» անվանումով, որին մասնակցել են եգիպտական զինված ուժերի բոլոր զենքերը:
Լիբիայում առճակատումը շարունակվում է Ֆայեզ Սարաջի Ազգային համաձայնության կառավարության, որը վերահսկում է Տրիպոլին եւ երկրի արեւմուտյան տարածքները, եւ Լիբիայի ազգային բանակի միջեւ՝ Մարշալ Խալիֆա Հաֆթարի հրամանատարության ներքո, որը համագործակցում է արեւելքում գտնվող խորհրդարանի հետ: ԱՀԿ-ին աջակցում է Թուրքիան, իսկ ԼԱԲ-ին՝ Եգիպտոսը:




























