Բացօթյա ապօրինի առեւտրի կանխարգելմանն ուղղված ստուգայցերը Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների ամենօրյա աշխատանքի մասն են: Չնայած բազմաթիվ նախազգուշացումներին ու կիրառվող վարչարարությանը՝ շատ քաղաքացիներ դեռեւս շարունակում են առեւտրական կետեր դնել մայթերին ու չնախատեսված այլ վայրերում:
«Այս պահին մենք օրենքով լիազորված ենք միայն կազմել վարչական իրավախախտման արձանագրություններ եւ տուգանել մարդկանց ու պահանջել դադարեցնել առեւտուրը»,-նշում է Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը:
Բացօթյա ապօրինի առեւտուրը մայրաքաղաքում լիարժեքորեն արգելելու գործում համայնքն օրենսդրական խնդիրներ ունի, այդ իսկ պատճառով քաղաքային իշխանությունը մի շարք օրենսդրական փոփոխություններ է նախաձեռնել:
«Մասնավորապես, երբ տուգանում ենք իրավախախտում արած անձանց եւ այդ անձինք սնանկ են լինում, որեւէ գույք չեն ունենում եւ գումարը չեն վճարում, հետեւաբար, մեր վարչարարությունն անարդյունավետ է դառնում: Որպեսզի նման իրավիճակներից խուսափենք եւ ավելի արդյունավետ լինի մեր աշխատանքը՝ օրենքի նոր նախագծով, որը դրվել է շրջանառության մեջ, նախատեսվում է վերցնել այդ ապրանքը եւ այն վերադարձնել քաղաքացիներին տուգանքի գումարը վճարելուց հետո»,- ասում է Հովիկ Սաֆարյանը:
Առեւտուրը քաղաքակիրթ պայմաններում՝ առանձնացված շուկաներում իրականացնելու փոխարեն, առեւտրականներից շատերն այսօր նախընտրում են անգամ բազմակի տուգանքը:
«Տուգանքը ֆիզիկական անձանց համար կազմում է 15-20 հազար դրամ՝ գյուղմթերքների վաճառքի դեպքում, իսկ իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի պարագայում՝ 50-70 հազար դրամ: Տուգանքների գումարները նույնպես ճիշտ չեն հաշվարկված. հաճախ ֆիզիակական անձինք հայտարարում են, որ ավելի լավ է իրենց տուգանենք, միայն թե առեւտուր անեն, իսկ մեր նպատակը ոչ թե տուգանելն է այլ այդ իրավախախտումը դադարեցնելը»,- նշում է Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչության պետը:
Երեւանում այժմ գործում է 24 շուկա, որտեղ առկա է շուրջ 1350 ազատ տեղ: Վաճառքի համար ստեղծված են հարմարավետ պայմաններ:
«Երեւանի կենտրոնում մեր կողմից նոր փոքրածավալ շուկաներ են ստեղծվել, որտեղ ամենաբարձր վճարն, իմ ունեցած տեղեկություններով, 2000-2500 հազար դրամ է, ոչ ավել: Կան ավելի էժանները՝ սկսած 500 դրամից, սակայն շատերը նախընտրում են փողոցում այդ առեւտուրն իրականացնել ՝ դրանով էական վնաս պատճառելով մյուս տնտեսվարողներին: Մրցակցային ոչ հավասար պայմաններ են ստեղծում, հարկեր չեն վճարում, տուրքեր չեն վճարում, փողոցում իրականացնում են առեւտուր եւ դրանով վնասում են օրինապաշտ տնտեսվարողների գործունեությանը: Էլ չեմ ասում, որ տգեղ է, հակասանիտարական վիճակ է ստեղծվում»,- ընդգծում է Հովիկ Սաֆարյանը:
Բացօթյա ապօրինի առեւտուրն արգելելու նպատակով անցած վեց ամիսների ընթացքում իրավախախտման վերաբերյալ 320 արձանագրություն է կազմվել:




























