ԱՄՆ-ը ցանկանում է ստեղծել միջազգային կոալիցիա, որը կդիմակայի Չինաստանին: Այս մասին Լոնդոնում Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Պոմպեոյի խոսքերով՝ Վաշինգտոնը կցանկանար, որ աշխարհի բոլոր պետությունները, որոնք «հասկանում են ազատության եւ ժողովրդավարության արժեքը, գիտակցեն նաեւ այն սպառնալիքը, որ իրենից ներկայացնում է Չինաստանի Կոմունիստական կուսակցությումը»։
Պոմպեոն մամուլի ասուլիսում կրկին ՉԺՀ-ի ղեկավարությանը մեղադրել է չինական պետական ընկերությունների միջոցով ամերիկյան մտավոր սեփականությունը գողանալու փորձի մեջ: Նա շնորհավորել է Մեծ Բրիտանիայի կառավարությանը՝ հուլիս ամսվա սկզբին չինական Huawei-ի արտադրանքից հրաժարվելու որոշման կապակցությամբ: Ավելի քան մեկ տարի ԱՄՆ-ը Միացյալ Թագավորությանը կոչ էր անում այդ քայլին դիմել, ինչը 5G հաղորդակցության ստանդարտը կյանքի կոչելու համար կարժենա լրացուցիչ 2 միլիարդ ֆունտ (2,5 միլիարդ դոլար) եւ կհետաձգվի 2-3 տարով: Միաժամանակ, Պոմպեոն ընդգծել է, որ բրիտանական կառավարության որոշումը ԱՄՆ-ի ճնշման ներքո չի կայացվել:





























