Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում ինչպես նաև հարակից գյուղերում  երեկ՝ հուլիսի 21-ին, տեղի ունեցած քամին  և կարկուտը բավական մեծ վնասներ է հասցրել թե´ քաղաքին և թե գյուղերից մի քանիսին: Այս մասին այսօր՝ հուլիսի 22-ին NEWS.am-ին ասացին Նոյեմբերյանի համայնքապետարանից:

«Վնասները շատ են, ավտոմեքենաներ են վնասվել, տան կտուրներն են ջարդվել, ընկել մեքենաների վրա, որոնք բոլորը եղել են նույն ընտանիքին պատկանող:

Վնասվել են նաև այգիներ, ծառեր են պոկվել,  բանջարանոցներ են ավերվել: Բարեկամավան համայնքում, որն ամենաշատն է տուժել, մեղվաբներ են ոչնչացվել, ինչը  մարդկանց ապրելու միջոցն էր  հանդիսանում»,- ասացին Նոյեմբերյանի համայնքապետարանից:

Այնտեղից  մեզ ասացին նաև, որ գյուղերում ընտանիքներ կան, որոնց  տան կտուրներն ամբողջովին ջարդվել, ընկել են, և տունը մնացել է առանց կտուրի:

Ովքեր կարողացել են իրենց ուժերով վերանորոգել են, բայց կան մարդիկ, որոնք չունեն հնարավորություն և դեռ այդպես ջարդված մնացել է:

Հարցին՝ ինչ քայլեր են ձեռնարկվել այդ ուղղությամբ համայնքապետարանից մեզ ասացին, որ կազմվել է հանձնաժողով, ձևավորվել են մոտ  4-5 աշխատանքային խմբեր որոնք այժմ վնասի չափերն են  գնահատում: