Ինտերպոլը մերժել է Սաուդյան Արաբիայի խնդրանքը հետախուզության նախկին աշխատակից Սաադ ալ Ջաբրիին բերման ենթարկելու հարցում, որն ապրում է Կանադայում։

New York Times-ը հաղորդել է, որ Սաադ ալ Ջաբրիին նոր աշխատանքի առաջարկով հայրենիք վերադարձնելու անհաջող փորձից հետո Էր Ռիադն ապարդյուն փորձել է վերադարձնել նրան կոռուպցիայի մեղադրանքով Ինտերպոլի միջոցով։

Ջաբրին ասել է Times-ին, որ նրա անունը եղել է Ինտերպոլի համակարգում 2017 թվականի դեկտեմբերին, երբ նրան, նրա տիկնոջն ու մյուս բարեկամներին արգելել էին մեկնել Թուրքիայից Կանադա։ Այդուհանդերձ, ընտանիքին հաջողվել էր հասնել Կանադա Միացյալ Նահանգներից եւ դուրս բերվել Ինտերպոլի համակարգից 2018 թվականին։

Times-ի տվյալներով՝ Ինտերպոլի հանձնաժողովը գնահատել է Սաուդյան Արաբիայի հարցումը՝ որպես քաղաքական դրդապատճառներ ունեցող, եւ կասկածի է ենթարկել Էր Ռիադում պատշաճ իրավական ընթացակարգի առկայությունն ու մարդու իրավունքների երաշխիքները։

Ջաբրին, որն, ինչպես հաղորդվում է, եղել է առանցքային միջնորդ արեւմտյան լրտեսական գործակալությունների համար, ապաստան է խնդրել Կանադայում 2017 թվականին՝ ընդամենը մի քանի օր առաջ, երբ իր նախկին ղեկավար Մոհամեդ բեն Նայեֆը տապալվել էր թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանի կողմից։