Մեքսիկայի Սերո դե լա Պենյա լեռան գագաթին կատարվել է զարմանալի հայտնագործություն: Այնտեղ հայտնաբերվել են նախկինում անհայտ ավերակներ եւ սապոտեկ ժողովրդի փորագրած քանդակներ: Ավերակները թվագրվում են մոտ 2500 տարեկան եւ նոր պատկերացում են տալիս մինչեւ կոնկիստադորների գալը Մեզոամերիկայի մշակույթի մասին, փոխանցում է Planet- today-ը: 

Անսպասելի հայտնագործությունը կատարել են Մեքսիկայի արավ-արեւմուտքում Պուեբլա նահանգի Սանտա Կրուս Ուեուեպյակտալ գյուղի բնակիչները: Երկրի այս շրջանը հարուստ է պատմական ավերակներով եւ հնագիտական հուշարձաններով: Գտածոները կատարվել են լեռան գագաթին՝ 1828 մետր բարձրության վրա, որտեղ կարելի է հասնել միայն նեղ քարքարոտ արահետով, ոչ պակաս 2,5 ժամում:

Մեքսիկայի Մարդաբանության եւ պատմության ազգային ինստիտուտի (INAH) հնագետները ցնցված էին լեռան գագաթին գտածով: INAH-ում աշխատող Խոսե Ալֆրեդո Արելանեսը հայտարարել է. «Նախնական հետազոտություններով ենթադրվում է, որ ծիսակարգային գոտին, տաճարներով եւ տիրակալների տներով շրջապատված, տեղակայված կլիներ լեռան գագաթին»:

Լեռան գագաթին եղել են 7-աստիճանի բուրգեր, հասարակական տարածություն, որն օգտագործվել է որպես ծիսակարգային հրապարակ, եւ գնդակ խաղալու հրապարակ: Այդ խաղը ամբողջ Մեզոամերիկայում վիթխարի սոցիալական եւ նույնիսկ ծիսակարգային նշանակություն ուներ:

Հետազոտողները ավերակներում ներկայումս հայտնաբերել են երկու քարակոթող՝ փորագրված պանելներով, ինչպես նաեւ մի շարք ավելի մանր քարեր փորագրությամբ, որոնք բոլորը լավ պահպանված են: Ընդ որում՝ ամենից լավ պահպանվել է քարակոթողը, որը պատկերում է եղջյուրներով եւ ճիրաններով մարդու, որը հագնված է ազդրին փաթաթանով: Հաղորդվում է, որ առայժմ գտնվել է ընդհանուր 87 խորհրդանիշ, որոնք ներառում են եղջուրավոր քանդակներ եւ կենդանիներ, այդ թվում՝ իգուաններ եւ արծիվներ: Կա նաեւ չղջիկի նմանվող կնոջ մեծ քանդակ, որը կարող է աստվածուհի լինել:

Հնագետների կարծիքով՝ այս ամենը թաքնված է եղել մ.թ.ա. 6-րդ դարից եւ վերագրվում է սապոտեկների մշակույթին: Սպոտեկները հայտնի են նաեւ որպես «Ամպի Մարդիկ», քանի որ բնակվել են Մեքսիկայի լեռնային տեղանքում: Նրանց մշակույթը ծաղկում է ապրել ավելի քան 2 հազար տարի, զարգացրել է անչափ բարդ քաղաքակրթություն եւ մյուսներից տարբերվող գրի համակարգ: Նրանց բավականին ընդարձակ պետությունը կենտրոնացած էր Մոնտե Ալբան քաղաքի շրջանում, որը հիմա գտնվում է ավերակների մեջ: Նրանք երկար դարեր շարունակ հաջողությամբ հետ են մղել իրենց նվաճելու ացտեկների բազմաթիվ փորձերը: Այդուհանդերձ, նրանց պետությունը վերջնարդյունքում անկում է ապրել այն բանից հետո, երբ իսպանացիների բերած համաճարակները անչափ ուժեղ են անդրադարձել բնակչության վրա: Ժամանակակից Մեքսիկայում մինչեւ հիմա գոյություն ունեն սապոտեկների հնդկացիական մեծ թվով համայնքներ, որոնք սերում են «ամպե մարդկանցից»:

Սապոտեկներն ունեին բազմաստվածային կրոն եւ պաշտում էին հողագործության ու կենդանիների հետ կապված աստվածների: Տրամաբանական է կարծել, որ հայտնաբերված փորագրված քանդակները նվիրված են նրանց աշխահի աստվածներին, իսկ հատկապես ստորգետնյա աշխարհի աստված Միկտլանտեկուխտլիին: Արժե նաեւ նշել, որ լեռան գագաթի վայրը, հավանաբար, եղել է սապոտեկների մշակույթում կարեւոր կրոնական եւ ծիսակարգային կենտրոն: Այս հնագույն կրոնը մինչեւ հիմա կարեւոր դերակատարում ունի ժամանակակից հավատալիքներում, քանի որ միաձուլվել է կաթոլիկ պրակտիկային: