Բուհ չընդունված դիմորդների ակցիայից 2 մասնակից բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին՝ Վարչական օրենսգրքի 182 հոդվածի համաձայն՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով: Այս մասին այսօր՝ հուլիսի 27-ին, NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ, ակցիայի մասնակիցների նկատմամբ համապատասխան արձանագրություն կկազմվի, որից հետո ազատ կարձակվեն: Ըստ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի՝ բերման են ենթարկվել Մասիս Բաբալյանն ու Հովհաննես Հարությունյանը:

Նշենք, որ այս պահին ակցիայի մյուս մասնակիցները հավաքվել են ոստիկանության բաժնի մոտ եւ պահանջում են ազատ արձակել բերման ենթարկվածներին:

Հիշեցնենք, որ այսօր չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները հավաքվել էին ԿԳՄՍՆ-ի դիմաց եւ պահանջում էին հանդիպում Արայիկ Հարությունյանի հետ: Նախարարը, սակայն, այդպես էլ հանդիպման չիջավ, որից հետո ցուցարարները փակեցին փողոցն ու նստացույց սկսեցին: Կարմիրբերետավորները բերման ենթարկեցին ակցիայի մի քանի մասնակցի: