«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մայիսի 21-ին քաղաքացիական ժողով է հրավիրում: Համաժողովը չի անցկացվելու կոնկրետ օրակարգով, այլ անդրադարձ է լինելու բոլոր այն խնդիրներին, որոնք կբարձացնեն համաժողովին ներկա քաղաքացիները:

«Համաժողովը կնվիրվի քաղաքացիական կեցվածքին, քաղաքացիական շարժմանը»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:  Նա հիշեցրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով ժամանակ առաջ Ազատության հրապարակում հացադուլ էր հայտարարել, հացադուլից դուրս գալու օրը հայտարարեց, որ կլինի պայքարի երկրորդ արար: «Տեղի ունենալիք քաղաքացիական համաժողովը կարող ենք դիտարկել որպես այդ պայքարի սկիզբ»,-հայտարարեց  Սաֆարյանը:

Նշենք, որ համաժողովը տեղի է ունենալու Կառավարության նիստերի դահլիճում, ժամը 12-ին:  Հանդիպումը բաց է հանրության համար եւ տեղի կունենա առանց մասնավոր հրավերների:

Հիշեցնենք, որ 15 օր շարունակ «Ժառանգության» առաջնորդ Ր. Հովհաննիսյանը Ազատության հրապարակում հացադուլ անցկացրեց: «Ժառանգության» առաջնորդը դադարեցնելով  հացադուլը` նշեց, որ դրանով պայքարը չի ավարտվում, եւ այն պետք է շարունակվի  «նոր շնչով, նոր լիցքով, նոր բանաձեւով եւ նոր Հայաստանի նոր հավատամքով»։ «Ես եւ մենք միասին դարձյալ պետք է վերադառնանք հրապարակ եւ ամբիոններ, սահմանից սահման, ու նաեւ մայրաքաղաք, հաջորդիվ քաղաքական եւ քաղաքացիական գնահատական տալով մեր երկրի առջեւ կանգնած մարտահրավերներին, գործող իշխանության իրական պահվածքին, ընդդիմության շատ լուրջ հիմնախնդիրներին եւ առաջին հերթին՝ այն քայլերին, միջոցներին, որոնք անհրաժեշտ են Հայաստանի եւ հայ ժողովրդի համար»,- հայտարարել էր Հովհաննիսյանը։