Արժույթի միջազգային հիմնադրամը եւ Համաշխարհային բանկը վերահաստատել են իրենց միանշանակ դրական վերաբերմունքը հայ — թուրքական սահմանի բացման վերաբերյալ եւ նշել, որ սահմանի բացումը շատ դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա, որը բավական արագ իրեն զգացնել կտա:
Արժույթի միջազգային հիմնադրամի Միջին Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի փոխտնօրեն Ռաթնա Սահայը «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հետ զրույցում կարծիք է հայտնել, որ սահմանի բացման դեպքում արդեն իսկ հաջորդ տարի Հայաստանի տնտեսական աճը կարող է ավելի արագ լինել, քան կանխատեսվում է հիմա:
Համաձայն Արժույթի միջազգային հիմնադրամի վերջին կանխատեսումների` Հայաստանում հաջորդ տարի ակնկալվում է ընդամենը 1 տոկոսի տնտեսական աճ:
Համաշխարհային բանկի Կենտրոնական Ասիայի եւ Եվրոպայի բաժնի գլխավոր տնտեսագետ Ինդերմիթ Գիլն իր հերթին ասել է, թե բաց սահմանը Թուրքիայի հետ շատ արագ դրական կազդի Հայաստանի տնտեսական ակտիվության վրա:
Ըստ այդ պաշտոնյաների՝ Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է, եւ փակ սահմանների պատճառով ապրանքներ ներկրելը եւ արտահանելը բավական թանկ է, դրանից բխող ծախսերը բավական շատ են եւ լուրջ խոչընդոտ են երկրի տնտեսական զարգացման համար:
«Եթե սահմանը բացվի, կարծում ենք, ազդեցությունը բավական արագ կլինի, քանի որ դա մեծապես կնվազեցնի Հայաստանի բեռնափոխադրումների ծախսերը»,- ասել է Ռաթնա Սահայը:եւ հավելել, թե Թուրքիայի հետ սահմանի բացումը նաեւ ավելի գրավիչ կդարձնի Հայաստանը օտարերկրյա ներդրողների համար:



























