Հայաստանի Կենտրոնական բանկը վերավարկանշել է 10 ընկերությունների՝ NEWS.am-ին տեղեկացնում են ԿԲ հասարայնության հետ կապերի ծառայությունից։

Շինարարական կազմակերպություններից երկուսի վարկանիշը նվազեցվել է, իսկ մեկինը թողնվել է անփոփոխ։ Այսպես՝ «Էլիտ գրուպ»-ի վարկանիշը «Գ»-ից իջեցվել է «Գ -», իսկ «Գլենդել Հիլզ»-ինը՝ «Գ +»-ից «Գ -»։ «Ռենկո արմէստեյտ»-ի վարկանիշը թողնվել է անփոփոխ բարձր՝«Բ»։

Անփոփոխ է թողնվել նաեւ «Երեւան հյուրանոց»-ի «Բ-» վարկանիշը։

Ավտոմոբիլների ներմուծմամբ զբաղվով «Կարկոմավտո»-ի վարկանիշը  «Գ+»-ից իջեցվել է «Գ», իսկ նույն բիզնեսով զբաղվող  «Մուրանը» կրկին արժանացել է «Գ» վարկանիշի։

Մետալուրգիական 2 ընկերություններ՝ «Մաքուր երկաթի գործարան»-ը եւ «Արմենիան քափըր փրոգրամ»-ը պահպանել են իրենց վարկանիշերը՝ համապատասխանաբար «Գ+» եւ «Գ»։ Ֆեռոմոլիբդենի արտադրությամբ զբաղվող «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն»-ի վարկանիշը «Բ -»-ից իջեցվել է « Գ +»։ Վերավարկանշվել է նաեւ Երեւանի ոսկերչական գործարան – 1 «Գնոմոն» ԲԲԸ-ն՝ ստանալով «Գ -», նախորդ՝  ավելի ցածր «Դ»-ի փոխարեն։