Հայաստանի ոստիկանությունը կտրուկ հերքել է Սիսիանում «երեխաների առեւանգման» լուրը: «Դա լիակատար անհեթեթություն է»,- NEWS.am-ին հայտնել են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Նշենք, որ «Հրապարակ» թերթի տեղեկություններով, նախօրեին Սիսիանի թիվ 2 դպրոցից առեւանգել են առեւանգել են 5-րդ դասարանի աշակերտուհի Նարինեին: Ըստ աշակերտների, առեւանգողները եղել են 2-ով, որոնցից մեկը` դիմակով: Աղջկան, ըստ լուրերի, նստեցրել են սեւ «Վոլգա» եւ տարել: Սակայն դպրոցի տնօրեն Հրանտ Ազարումյանը թերթի թղթակցի հետ զրույցում հերքել է լուրը` դա համարելով «երեւակայության արդյունք»: Սիսիանցիները, սակայն, պատմել են, որ մեկ շաբաթ առաջ նման առեւանգում եղել է նաեւ Սիսիանի թիվ 1 մանկապարտեզից եւ Բռնակոթ գյուղից:

Նշենք, որ որոշ ժամանակ առաջ նման լուրեր տարածվել էին նաեւ Երեւանում, եւ ոստիկանությունը ստիպված էր համապատասխան հերքումով հանդես գալ: