Հայկական բիզնեսի Վրաստան տեղափոխվելու մասին տեղեկությունները չափազանցված են, համենայն դեպս Հայաստանի կառավարությունը նման տվյալների չի տիրապետում: Այդ մասին խորհրդարանում հայտարարել է պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանը:

Նա ընդգծել է, որ վերջին շրջանում Վրաստանը լուրջ քայլեր է ձեռնարկել իր բիզնես-մթնոլորտի բարելավման համար, ինչը, մեծամասամբ, տեղի է ունեցել արտաքին ֆինանսական աջակցության հաշվին: Այսպես, ըստ Ալավերդյանի, Վրաստանը հետխորհրդային երկրներից առաջինն էր, որ հրաժարվել է սահմանին ավելացված արժեքի հարկ գանձելուց:

«Դա դրական պրակտիկա է, եւ մենք հասկանում ենք դա: Սակայն, մյուս կողմից, մենք չենք կարող հրաժարվել այդ հարկատեսակից, քանի որ դա ապահովում է հարկային մուտքերի 30 տոկոսը»,- մանրամասնել է Ալավերդյանը:

Խոսելով ներկրվող մեքենաների պարտադիր մաքսազերծման վերաբերյալ կառավարության որոշման մասին` Ալավերդյանը նկատել է, որ տվյալ որոշումն արդարացրել է իրեն: «Այդ որոշումից հետո Հայաստանի բյուջեն լցվել է 2 մլրդ դրամով»,- ասել է Ալավերդյանը: