Բանկային համակարգը բավական թույլ է ինտեգրված տնտեսության իրական հատվածին։ Այսօր՝ մայիսի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «ՎՏԲ-Հայաստան բանկի» գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը։
Նրա կարծիքով, դրա համար կան 2 հիմնական պատճառներ։ Առաջին. տնտեսական հարթությունում գործնականում ի հայտ չեն գալիս նոր ընկերություններ, իսկ քանի որ բանկային մրցակցությունը մեծ է՝ բանկերն աշխատում են միմյանցից հաճախորդ փախցնել։ «Տնտեսության իրական հատվածի դինամիկ զարգացում չեմ տեսնում»,- նշեց Վ. Օվսյաննիկովը։ Նրա կարծիքով, Կենտրոնական բանկն ու կառավարությունը զգալի ջանքեր են ներդնում իրական հատվածի համար հարմարավետ պայմաններ ստեծելու նպատակով, սակայն այդ զարգացումը դեռեւս բավարար չէ։
Երկրորդ պատճառը տնտեսվարող սուբյեկտների ոչ թափանցիկ գործելաոճն է, հատկապես՝ փոքր բիզնեսում։ Բանկային համակարգի ներկայացուցչի կարծիքով՝ եթե փոքր բիզնեսը ստվերային դաշտում է, ապա բանկը չի կարող լիարժեք գնահատել նրա ռիսկերը, ինչն էլ անդրադառնում է տոկոսադրույքների վրա։ «Մենք փորձում ենք հաճախորդներին «ստիպել» տեղափոխվել սպիտակ դաշտ, հիմք ստեղծելով թափանցիկ աշխատանքի համար»,- նշեց Վ. Օվսյաննիկովը։
Այն հարցին, թե արդյոք բանկային համակարգն ինքը թափանցի՞կ է աշխատում, Վ. Օվսյաննիկովն ասաց, որ «ՎՏԲ-Հայաստան բանկը» հարյուր տոկոսով թափանցիկ է, անցնում է ներքին եւ միջազգային աուդիտ:




























