Մեր բոլորի մոտիվն այն է, որ հնարավորինս նվազեցնենք դպրոցում կորոնավիրուսի վարակի տարածման ռիսկը: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է երեխաներին արգելվելու դասամիջոցին դուրս գալ դասարաններից:

«Հիմա պատկերացրեք, որ դասամիջոցին բոլոր երեխաները դուրս են գալիս միջանցք եւ տեղի է ունենում այդ անկանոն շփումը բոլոր երխաների միջեւ: Եթե հանկարծ ունենում ենք որեւէ վարակի դեպք, ապա ունենում ենք դրա տարածման շատ մեծ հավանականություն: Եթե մենք լոկալացնում ենք երեխաների շփումը, կարողանում ենք նաեւ ապահովել կրթության շարունակականությունը, քանի որ եթե 10 տոկոսից ավելին վարակված լինի, դօպրոցը ժամանակավորապես չի գործի»,-ասաց նա:

 Ինչ վերաբերում է նրան, որ աշակերտները չպետք է մոտենան գրատախտակին, նա ասաց. «Գրատախտակին մոտենալիս երեխան վերցնում է կավիճը, օգտագործում, հետո նույնն անում է մեկ այլ աշակերտ, ինչի արդյունքում լինում է վարակի տարածման հավելյալ ռիսկ. «Ուղեցույցում մենք նաեւ առաջարկել ենք երեխաներին միմյանց առարկաներ չփոխանակել, չտալ իրար գիրք, գրիչ կամ այլ բան, քանի որ յուրաքանչյուր նման քայլ մեծացնում է վարակման ռիսկը»:

Փոխնախարարը հիշեցրեց, որ այսօր գործ ունենք 400 հազար աշակերտի հետ, ուստի առանձին դպրոցներում չկանոնակարգված իրավիճակների հանրային հետեւանքները կարող են լինել շատ ավելի զգալի: