«ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հոհվաննիսյանը մայիսի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ գաղտնազերծեց  ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ զրույցը: Այն տեղի էր ունեցել ապրիլի կեսերին, Կոմիտասի անվան պանթեոնում, Րաֆֆի Հովհաննիսյանի` հացադուլից դուրս գալուց հետո:

«Մարդկային հանդիպում է եղել, քաղաքավարական բնույթի, որի ընթացքում դիտարկվել է այս վերջին շրջանն ու հատկապես ապագան: Քաղաքական որեւէ խոսակցություն չի եղել»,-վստահեցրեց Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ իր մարդկային տեսակն այնպիսին է, որ կարող է անգամ միջազգային ֆորումներում բարեւել եւ զրույց ունենալ հակառակորդ երկրների նախորդ կամ ներկա ղեկավարների հետ:  «Ես որտեղ տեսնում եմ հայ մարդ, իմ ընդդիմադիրը լինի, թե գործընկերը, նախորդ, թե ներկա նախագահը, ես խնդիր չունեմ որեւէ մարդու մոտենալ ու բարեւել: Ես համարում եմ, որ դա իմ տեսակն է: Դուք կարող եք մեկնաբանել, թե այդ տեսակն ինչպես կարելի է բնորոշել»,-ասաց պատգամավորը:

Խոսելով քաղբանտարկյալներին ազատ արձակելու մասին` «Ժառանգության» առաջնորդը հայտարարեց, թե «Ժառանգությունը» երեք տարի է` ինչ նման պահանջով է հանդես գալիս: Նա միաժամանակ ուշացած քայլ համարեց քաղբանտարկյալներին ազատ արձակելու իշխանությունների պատրաստակամությունը, քանի որ, ըստ նրա, քաղբանտարկյալ ունենալու փաստը Հայաստանը հեղինակազրկել է միջազգային ասպարեզում:

Ամեն դեպքում, Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ մինչեւ մայիսի 28-ը նրանք ազատ կարձակվեն եւ այդ տոնական օրը  Հայաստանի հասարակությունը կդիմավորի առանց որեւէ քաղբանտարկյալի:

Լուսանկարը` Արման Վեզիրյանի